Հայաստանի իշխանությունների կողմից Ցեղասպանության ուրացումը շատ ավելի ծանր ընկալում է ստանում զիջումների ֆոնին, Ծիծեռնակաբերդում լրագրողներին ասել է նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանը։
Նրա խոսքով՝ Հայաստանի իշխանությունները, 2020 թվականի պատերազմում պարտվելուց հետո, այս պարտությունը անընդհատ վերածում են զիջումների գործընթացի։
«Ուղղակի մաշեցնող մի երևույթ է մեր ժողովրդի համար։ Միգուցե նաև այս ֆոնի վրա Ցեղասպանության ուրացումը շատ ավելի ծանր ընկալում է ստանում շատ շատերի կողմից»,- ընդգծել է Քոչարյանը։
Նախկին նախագահը հրաժարվել է մեկնաբանել իշխանության այն դիրքորոշումը, որի համաձայն՝ Հայոց ցեղասպանության ճանաչումը երկրի արտաքին քաղաքականության օրակարգում առաջնահերթություն չէ։ «Հայաստանի արտաքին քաղաքականության օրակարգի մեջ մտցնող հենց ես եմ եղել և իմ ժամանակաշրջանում ամենից մեծ քանակով երկրներ են ճանաչել Հայոց ցեղասպանությունը։ Մարդիկ, ովքեր մատը մատին չեն տվել այս հարցերի համար հիմար-հիմար դուրս են տալիս, պատրաստ չեմ մեկնաբանել դա»,- եզրափակել է Քոչարյանը։
Ապրիլի 24-ին լրանում է Օսմանյան կայսրության կողմից 1915 թվականին հայերի նկատմամբ իրականացված Ցեղասպանության 110-րդ տարելիցը։ Աշխարհասփյուռ հայությունը ոգեկոչման միջոցառումներով հիշում է 1․5 միլիոն անմեղ զոհերի հիշատակը։ Հայոց ցեղասպանությունը պաշտոնապես ճանաչել է 34 պետություն, ավելի քան 70 կազմակերպություն։ 110 տարի անց Թուրքիան շարունակում է ժխտել Մեծ եղեռնի իրողությունը և պայքարում է Ցեղասպանության միջազգային ճանաչման դեմ՝ նենգափոխելով պատմությունը։
Մարտին Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը թուրքական լրատվամիջոցներին տված հարցազրույցում հայտարարել էր, որ Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչումը պաշտոնական Երևանի արտաքին քաղաքական առաջնահերթություններից չէ։
Մանրամասները՝ տեսանյութում։