Ադրբեջանն իր նախապայմաններով «ՀՀ իշխանությանը դեմ է տվել պատին» ու առաջադրում է այնպիսի պայման, որը նույնիսկ մեծ ցանկության դեպքում կարճ ժամանակում չի լուծվի, գրել է ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը։
Նա նշել է, որ Հայաստանի սահմանադրության փոփոխության հարցը, որն առաջ է քաշել Ադրբեջանը, նույնիսկ տեխնիկական և ընթացակարգային առումով կարճ ժամանակում անհնար է իրականացնել:
Ըստ պատգամավորի՝ Հայաստանի ու Ադրբեջանի միջև «Խաղաղության համաձայնագրի» բանակցությունների ավարտից հետո թեման առարկայական քննարկելու առաջին առիթն ապրիլի 12-ի հանդիպումն էր ՀՀ և Ադրբեջանի ԱԳ նախարարների միջև:
Աբրահամյանի խոսքով՝ այդ նրբություններն Ադրբեջանում քաջ գիտակցում են, սակայն գործընթացը հավելյալ խոստումներ և զիջումներ կորզելու համար ձգձգում են։
Ապրիլի 3-ին ՀՀ արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը հայտարարել էր, որ Սահմանադրության նոր տեքստը գաղտնի չի լինելու և ինչ-որ պահի հանրայնացվելու է։
Մարտի 13-ին Ադրբեջանի ԱԳՆ-ն հայտարարել էր Երևանի և Բաքվի միջև խաղաղության պայմանագրի տեքստի շուրջ բանակցությունների ավարտի մասին, հայկական կողմի վերջին երկու կետերի վերաբերյալ Բաքվի առաջարկները ընդունելուց հետո։ Հայաստանի ԱԳՆ-ն հաստատել էր լուրը և հայտարարել, որ Երևանը պատրաստ է Բաքվի հետ քննարկել համաձայնագրի ստորագրման ժամկետները և վայրը։
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մանրամասնել էր Երևանի և Բաքվի միջև խաղաղության պայմանագրի երկու կետերի բովանդակությունը և հաստատել, որ հարցերը վերաբերում էին հայ-ադրբեջանական սահմանին երրորդ երկրների ներկայացուցիչների բացակայության դրույթին, ինչպես նաև միջազգային դատարաններում հայցերը հետ կանչելու խնդրին։ Մարտի 13-ին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել էր, որ Բաքվի վստահության մակարդակը Հայաստանի նկատմամբ «մոտ է զրոյին»։