Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի նախագահ Տիգրան Հակոբյանը կիսում է մտահոգությունը, որ Հայաստանի հանրային հեռուստատեսությունը չի լուսաբանում Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի և Բաքվում պահվող մյուս գերիների հարցը։
Նա պարզաբանել է, որ իր ղեկավարած գերատեսչությունն իրավունք չունի միջամտելու որևէ կոնկրետ հեռուստաընկերության խմբագրական քաղաքականությանը:
«Մեր իրավունքը սահմանափակվում է օրենսդրությամբ, օրենսդրության մեջ գրված չի, որ այս կամ այն հեռուստաընկերությունը պարտավոր է այս կամ այն բանը ցույց տալ, մենք ոչ մի լծակ չունենք»,- նշել է Հակոբյանը։
Դեկտեմբերի 17-ին Ադրբեջանի գլխավոր դատախազության մամուլի ծառայությունը հայտնել էր, որ Բաքվի բանտում պահվող Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության գործը փոխանցվել էր դատարան։ Ադրբեջանի դատախազները Վարդանյանի նկատմամբ շուրջ 45 հնարավոր մեղադրանքների նոր փաթեթ էին առաջադրել, որով նրան սպառնում է ցմահ ազատազրկում, հաղորդել էր Վարդանյանի պաշտպանական թիմը: 2024-ի դեկտեմբերի 28-ին Բաքուն Վարդանյանի դեմ հարուցված քրեական գործն ուղարկել էր զինվորական դատարան։
Բաքուն 2024-ի հունվարին հաստատել էր 23 հայ գերիների առկայությունը, որոնցից 17-ը գերեվարվել էին 2023 թվականի սեպտեմբերին Արցախի վրա հարձակումից հետո։ Նրանց թվում Արցախի նախկին ղեկավարներն են։ 2023-ի սեպտեմբերի վերջին Ադրբեջանի իշխանություններն առևանգել էին Արցախի նախկին պետնախարար Վարդանյանին, ԱՀ պաշտպանության նախկին նախարար Լևոն Մնացականյանին, Արցախի ՊԲ հրամանատարի նախկին առաջին տեղակալ Դավիթ Մանուկյանին, նախկին արտգործնախարար Դավիթ Բաբայանին, Արցախի նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանին, Բակո Սահակյանին և Հարությունյանին, ինչպես նաև ԱԺ նախագահ Դավիթ Իշխանյանին։
ՄԱԿ Մարդու իրավունքների բարձր հանձնակատարը պահանջել էր Ադրբեջանում պահվող հայերին ազատ արձակել։