Կոպենհագենի հայերը մի խումբ դանիացիների հետ միասին ակցիա են անցկացրել՝ Դանիայի կառավարությանը կոչ անելով նպաստել Բաքվում ապօրինաբար կալանավորված հայ ռազմագերիների և Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության ներկայացուցիչների ազատ արձակմանը, հաղորդել է Mission10forty դանիական մարդասիրական կազմակերպության էջը։
Ցուցարարները Կոպենհագենից պահանջել են ստեղծել միջազգային հանձնաժողով՝ հայ գերիների նկատմամբ խոշտանգումների և անմարդկային վերաբերմունքի փաստերը հետաքննելու նպատակով։ Դանիան կարող է պատժամիջոցներ կիրառել մարդու իրավունքների խախտման մեջ մեղավոր ադրբեջանցի պաշտոնյաների դեմ, ասել են ակտիվիստները:
Ցուցարարները Դանիային կոչ են արել աջակցել Միջազգային քրեական դատարան դիմում ներկայացնելուն՝ Ադրբեջանին պատասխանատվության ենթարկելու համար։
Միջոցառմանը մասնակցել է դանիացի պատգամավոր Սյուրդուր Սքալեն՝ ելույթ ունենալով և կարևորելով հայ գերիների հարցը Եվրոպայի քաղաքական օրակարգում ներառելը։
«Մեկուկես տարի առաջ, հաշված օրերի ընթացքում, 140 000 մարդ վտարվեց Լեռնային Ղարաբաղից։ Շատերն սպանվեցին, շատ քաղբանտարկյալներ հայտնվեցին Բաքվի բանտում և դեռ այնտեղ են»,- գրել է նա Facebook-ում։
Սքալեն տեղեկացրել է մարտի 20-ին Քրիստիանսբորգ թագավորական պալատում խորհրդաժողով անցկացնելու մասին՝ նվիրված Հայաստանի անվտանգության, Լեռնային Ղարաբաղից տեղահանվածների և 1915 թվականի Հայոց ցեղասպանությանը, որը Դանիան դեռ չի ճանաչել։
Մարտի 13-ին Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը հայտարարել էր, որ Երևանի և Բաքվի միջև խաղաղության պայմանագրի տեքստի շուրջ բանակցությունների գործընթացն ավարտվել է։ Նրա խոսքով՝ հայկական կողմը հայտնել է, որ ընդունել է վերջին երկու կետերը, որոնք մինչ այժմ բաց էին։ Հայաստանի ԱԳՆ-ն հաստատել էր նախագծի հաստատման ավարտը և հայտարարել, որ Երևանը պատրաստ է Բաքվի հետ սկսել խորհրդակցություններ համաձայնագրի ստորագրման ժամկետների և վայրի շուրջ։
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը խաղաղության պայմանագրի բանակցությունների մասին պատմել էր ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին, Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանին, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնին։
Փետրվարի 19-ին Արցախի նախկին պետնախարարը հացադուլ էր հայտարարել և դիմել աշխարհի առաջնորդներին, միջազգային կազմակերպություններին և իրավապաշտպաններին՝ հորդորելով ուշադրություն դարձնել Բաքվում տեղի ունեցող անօրինական գործընթացներին։ Փետրվարի 26-ին Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի փաստաբան Ջարեդ Գենսերը հայտնել էր նրա առողջական վիճակի կտրուկ վատթարացման մասին։
Մարտի 5-ին կայացած ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ Փաշինյանը հայտարարել էր, որ խաղաղության պայմանագրի ուղղությամբ գործադրվող ջանքերը մեկն են այն գործողություններից, որը նպաստ կբերի գերիների և մյուս հարցերի լուծմանը։ Մարտի 6-ին Գենսերը թվարկել էր այն գործողությունները, որոնք կարող էին անել ՀՀ իշխանությունները՝ գերիներին ազատելու համար։
Մարտի 7-ին Վարդանյանն իր ընտանիքի միջոցով փոխանցել էր ձայնային հաղորդագրություն, որում կոչ էր անում խաղաղություն՝ հիմնված մարդկային հիմնարար արժեքների և արժանապատվության վրա։ Մարտի 13-ին Վարդանյանը դադարեցրել էր հացադուլը։