ՀՀ ՊՆ-ն հերքել է հայկական կողմից կրակոցների մասին Ադրբեջանի հաղորդագրությունը։
«Ադրբեջանի ՊՆ հաղորդագրությունը, թե իբր մարտի 17-ի ժամը 22։15-ից մինչև մարտի 18-ի 00։20-ն ընկած ժամանակահատվածում ՀՀ ԶՈւ ստորաբաժանումները կրակ են բացել սահմանագոտու արևելյան և հարավարևելյան հատվածներում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, չի համապատասխանում իրականությանը»,- ասվում է գերատեսչության հաղորդագրության մեջ։
Ադրբեջանը մարտի 16-ից սկսել էր հայտնել Հայաստանի հետ սահմանին իր դիրքերի գնդակոծման մասին։ Հայաստանի պաշտպանության նախարարությունը մեկ օրում երեք անգամ հերքել էր Բաքվի այս տեղեկությունը։ Նմանատիպ մեկ այլ հրապարակում հերքվել էր մարտի 17-ին, իսկ ուշ երեկոյան Երևանը հերքել էր երկու օրվա ընթացքում Հայաստանից գնդակոծվելու մասին Ադրբեջանի ՊՆ հինգերորդ հաղորդագրությունը։ Մարտի 17-ի առավոտյան ԵՄ դիտորդական առաքելությունը հայտնել էր Հայաստանի և Ադրբեջանի սահմանին «հանգիստ իրավիճակի» մասին։