Իսրայելի պաշտպանության բանակը (ՑԱԽԱԼ) ոչնչացրել է շիական «Հըզբոլլահ»” շարժման երկու զինյալների, որոնք հետախուզություն էին իրականացնում և պատասխանատու էին Լիբանանի հարավում ահաբեկչական գործողությունների համար, «ՌԻԱ Նովոստի»-ի փոխանցմամբ՝ հայտնել է բանակի մամուլի ծառայությունը:
«Այսօր ավելի վաղ Իսրայելի Պաշտպանության բանակը հարձակվել եւ ոչնչացրել Է «Հըզբոլլահ» ահաբեկչական կազմակերպության երկու ահաբեկիչների, որոնք հետախուզություն էին իրականացնում եւ մասնակցում էին Լիբանանի հարավային Յատար և Միս-էլ-Ջաբլ շրջաններում ահաբեկչական գործողությունների ղեկավարմանը», – ասված է հաղորդագրության մեջ:
Իսրայելը և Լիբանանը մարտի 11-ին բանակցություններ են սկսել ԱՄՆ-ի և Ֆրանսիայի մասնակցությամբ՝ 2024 թվականի նոյեմբերին ստորագրված զինադադարի համաձայնագրի իրագործման ֆոնին տարածքային պահանջների կարգավորման շուրջ։ Բանակցությունների օրը Իսրայելի բանակը լիբանանյան բանակին է հանձնել գերեվարված մի քանի լիբանանցիներին՝ ի նշան բարի կամքի:
Փետրվարին Իսրայելը, համաձայն համաձայնագրի, ավարտեց զորքերի դուրսբերումը Հարավային Լիբանանից, բայց պահպանեց իր ներկայությունը հինգ սահմանային դիրքերում:
Սիրիայում զինված հակամարտությունն սկսել էր 2011 թվականից։ Զինադադարը խախտվել էր 2024-ի նոյեմբերի 27-ին, երբ սիրիական մի շարք խմբավորումների զինյալներ՝ «Հայաթ Թահրիր ալ-Շամ» իսլամիստական խմբավորման գլխավորությամբ, հարձակում էին սկսել երկրի հյուսիս-արևմուտքում կառավարական ուժերի դեմ: Նրանք մեկ շաբաթվա ընթացքում գրավել էին երկրի բոլոր խոշոր քաղաքները՝ Հալեպը, Համան, Հոմսը և Դամասկոսը: Ավելի ուշ՝ դեկտեմբերին, այս խմբերը ձևավորել էին նոր կառավարություն:
Հունվարի 13-ին «Գանձասար» թերթի խմբագիր Զարմիկ Պողիկյանն Armenia Today-ին հայտնել էր, որ հայկական համայնքի նկատմամբ նոր իշխանությունների վերաբերմունքը շատ հարգալից է։
Մարտի 6-ին Լաթաքիա, Տարտուս և Հոմս նահանգներում բախումներ էին սկսվել անվտանգության ուժերի և նախկին նախագահի կողմնակիցների զինված խմբերի միջև։ Ամենածանր բախումները տեղի են ունեցել Ջեբլա քաղաքում, որտեղ ապրում են ալավիները՝ կրոնական փոքրամասնություն, որին պատկանում է Ասադների ընտանիքը։ Մարտի 7-ին նոր իշխանությունները վերահսկողության տակ էին վերցրել Լաթաքիա քաղաքը՝ հեռացնելով Ասադի զինված կողմնակիցներին։ Բախումների հետևանքով զոհվել էր շուրջ 200 անձ։ Մարտի 8-ին «Գանձասար»-ը հայտնել էր, որ Լաթաքիայի հայերին հրահանգվել է տներից դուրս չգալ, ավելի ուշ տեղեկացրել Լաթաքիայում կրակոցների հետևանքով երկու հայի զոհվելու մասին։