Ռուսաստանը հարթակ է առաջարկում հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման բոլոր հարցերի շուրջ շփումների համար, հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
Նա նաև ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի նախագծի շուրջ բանակցությունների ավարտը։
«Մենք աջակցում ենք հայ-ադրբեջանական հարաբերությունների լիարժեք և համապարփակ կարգավորմանն ուղղված այս կարևոր քայլը, ինչպես նախատեսված է 2020-2022 թվականներին Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների եռակողմ համաձայնագրերով»,- նշել է նա։
Ըստ ռուս դիվանագետի՝ Մոսկվան նպատակ ունի ցանկացած օգնություն ցուցաբերել խաղաղության գործընթացն առաջ մղելու և Բաքվի ու Երևանի միջև մնացած խնդիրները լուծելուն ուղղված, այդ թվում՝ խաղաղության համաձայնագրի ստորագրման համար, «ինչպես նաև տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակման, ընդհանուր սահմանի սահմանազատման և հումանիտար հարցերի հետ կապված՝ այնքանով, որքանով դա ընդունելի կլինի գործընկերների կողմից»:
Զախարովան հավելել է, որ հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորմանն աջակցության հարցերով ՌԴ ԱԳՆ հատուկ ներկայացուցիչ Իգոր Խովաևը պատրաստ է այցելել Բաքու և Երևան՝ համապատասխան խորհրդակցություններ անցկացնելու նպատակով։
Մարտի 14-ին ՀՀ կառավարության մամուլի ծառայությունը հայտնել էր, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույցի ընթացքում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին տեղեկացրել է խաղաղության համաձայնագրի տեքստը համաձայնեցնելու շուրջ Երևանի և Բաքվի միջև բանակցությունների ավարտի մասին։
Մարտի 13-ին Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը հայտարարել էր, որ Երևանի և Բաքվի միջև խաղաղության պայմանագրի տեքստի շուրջ բանակցությունների գործընթացն արդեն ավարտված է։ Նրա խոսքով՝ հայկական կողմը հայտնել է, որ ընդունել է վերջին երկու կետերը, որոնք մինչ այժմ բաց էին։ Հայաստանի ԱԳՆ-ն հաստատել էր նախագծի հաստատման ավարտը և հայտարարել, որ Երևանը պատրաստ է Բաքվի հետ սկսել խորհրդակցություններ համաձայնագրի ստորագրման ժամկետների և վայրի շուրջ։