Գործարարները բողոքի ակցիա են անցկացրել կառավարության շենքի մոտ՝ պահանջելով կասեցնել փոքր և միջին բիզնեսի շրջանառության հարկի բարձրացումը 5%-ից 10%-ի, և ռիսկերը քննարկել ոլորտի ներկայացուցիչների հետ։ Ակցիան ուղիղ եթերով հեռարձակվել է Armenia Today-ի YouTube ալիքով։
Տնտեսվարողներն Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանի հետ հանդիպումն անվանել են «անարդյունավետ» և ընդգծել իրավասու մարմինների ներկայացուցիչների հետ քննարկումների անհրաժեշտությունը։
Ակցիայի մասնակից գործարար Գագիկ Ալավերդյանի խոսքով՝ Էկոնոմիկայի նախարարության ղեկավարը հանդիպմանն ասել է, որ պատրաստ է աջակցել իրենց ամեն հարցում, բայց նշել է, որ ֆինանսների ու հարկերի հետ կապված հարցերն իբր իր իրավասության մեջ չեն մտնում։ Ուստի հարկատուներն այժմ ցանկանում են օրենքի այն դրույթները, որոնք վերաբերում են իրենց, քննարկել ՊԵԿ-ի, Ֆինանսների նախարարության, ինչպես նաև տնտեսական և իրավական փորձագետների հետ։
Գավառ քաղաքի մթերային խանութներից մեկի սեփականատեր Արթիկ Արզաքանցյանը լրագրողներին ասել է, որ հանդիպման ժամանակ պարզել են՝ Էկոնոմիկայի նախարարությունը «մեռած է, գոյություն չունի»։
«Այսինքն՝ մենք նախարար ունենք, նախարարության աշխատակիցներ ունենք, բայց պարզվեց, որ հարկային քաղաքականությունն իրենց գործը չէ։ Հենց սա էլ վկայում է, որ մենք Էկոնոմիկայի նախարարություն չունենք։ Բա նախարարությունը հենց քաղաքականություն մշակող մարմին է, եթե իրենց գործը չէ, էլ ինչո՞ւ են այդ օրենքն ընդունել»,- նշել է նա։
Ակցիայի մեկ այլ մասնակից մեկնաբանել է իշխանությունների այն փաստարկը, որ այս օրենքով փորձում են փոքր բիզնեսի միջոցով հասնել խոշոր բիզնեսի ներկայացուցիչներին, որոնք էլ հիմնական օրինազանցներն են։
«Խոշոր գործարարներին իրենք լավ էլ գիտեն՝ ովքեր են։ Թող աշխատեն իրենց հետ, ինչո՞ւ ճնշել փոքրերին»,- ասել է նա։
Բողոքի մեկ այլ մասնակից նշել է, որ ակցիաների արդյունքում՝ իշխանություններն աջակցել են ոսկու առևտրով զբաղվողներին, քանի որ վարչապետի նախկին օգնական Նաիրի Սարգսյանը հետաքրքրված է այս ոլորտով։ Նա հավելել է, որ ձեռնարկատերերի պահանջները վերաբերում են ոչ միայն շրջանառության հարկին, այլև գույքագրմանը, որը «տեռոր է ժողովրդի, փոքր ու միջին բիզնեսի նկատմամբ»։
«Գույքագրում նշանակում է բարձր վարձատրվող հաշվապահություն, նոր աշխատատեղերի ստեղծում, որոնք գործատուն չի կարող թույլ տալ: Ձեռնարկատերն այնքան եկամուտ չունի, որ երեք նոր աշխատակցի ընդունի»,- պարզաբանել է նա։
Ակցիայի մասնակիցն զգուշացրել է, որ Փաշինյանի հարկային քաղաքականությունը կհանգեցնի զանգվածային արտագաղթի։
«Եթե 2018-ին հարցնեին, գուցե միայն 10 տոկոսը չցանկանար, որ Փաշինյանը դառնա վարչապետ։ Հիմա, եթե նույնիսկ 10 տոկոսն է աջակցում նրան, դա միայն անձնական շահի համար է։ Պարոն Փաշինյանն ատում է հայ ժողովրդին, քանի որ ծանր դրության մեջ է գցել բոլորին, ոչ միայն գործարարներին»,- ասել է նա։
Ցուցարարները հայտարարել են ապրիլի 14-ին հերթական ակցիան անցկացնելու մտադրության մասին, քանի որ մինչ այդ պետք է կառավարությունից իրենց նամակի պատասխանն ստանան։ Նրանք հույս ունեն, որ մինչև տարվա առաջին եռամսյակի վերջ մարդիկ կհասկանան, որ օրենքի ներդրման վեց ամիս ուշացումը պարզապես պատրանք էր։ Մասնակիցները չեն բացառել փողոցներ փակելու հնարավորությունը, սակայն հույս ունեն, որ դրան չի հասնի։
Ակցիայի ավարտին նրանք բոլոր քաղաքական ուժերին կոչ են արել իրենց դիրքորոշումը հայտնել այս հարցում և աջակցել տնտեսվարողներին։
Բողոքի ակցիաներին հրավիրել են նաև սպասարկող աշխատողներին՝ ռեստորաններին, վարսավիրանոցներին և այլ ոլորտներին, որոնց վրա նույնպես կազդի հարկերի բարձրացումը։
2024-ի մայիսի 2-ի նիստում կառավարությունը որոշել էր բարձրացնել փոքր և միջին բիզնեսի շրջանառության հարկի դրույքաչափը՝ գործող 5%-ի փոխարեն սահմանելով 10% սահմանաչափ։ Փոքր և միջին բիզնեսի շրջանառության հարկի դրույքաչափը չբարձրացնելու և օրենքը կասեցնելու պահանջով բողոքի ակցիաներ էին տեղի ունեցել հունվարի 13-ին, 23-ին, 27-ին, 30-ին, փետրվարի 5-ին և 10-ին։
Փետրվարի 7-ին խորհրդարանում տնտեսվարողների և կառավարության ներկայացուցիչների հանդիպումից հետո գործարարները հայտարարել էին, որ այն արդյունք չի տվել։ Նրանք տեղեկացրել էին, որ շարունակելու են բողոքի ակցիաները։