ԱԺ-ն հավանություն է տվել «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանի նախաձեռնությամբ մոլախաղերի ոլորտը կարգավորելու նպատակով հարկային բեռը կրկնապատկելու մասին օրինագծին։ ԱԺ-ն երկրորդ և վերջնական ընթերցմամբ ընդունեց նախագիծը՝ 58 կողմ, 2 դեմ և 17 ձեռնպահ ձայներով։
Նոր կարգավորումներն ուժի մեջ կմտնեն 2025 թվականի ապրիլի 1-ից։
Սարգսյանը շեշտել է, որ բանակը ևս տուժել է մոլախաղության ծանր հետևանքներից, ինչը հանգեցրել է ԶՈւ-ում ինքնասպանությունների։
«Ամբողջ աշխարհում, նաև Հայաստանում վերջին տարիներին գրանցված ինքնասպանությունների զգալի մասի պատճառը խաղամոլությունն է, որից անմասն չի կարող մնալ բանակը, որը մեր հասարակության հայելին է: 2024 թվականին բանակում տեղի ունեցած ինքնասպանությունների կեսից ավելին խաղամոլության հետևանք է»,- նշել է Սարգսյանը։
Ինչպես նշել է Սարգսյանը, նախագիծը թույլ կտա պետբյուջեն տարեկան համալրել շուրջ 13 մլրդ դրամով։ Սարգսյանի խոսքով, պետական լրացուցիչ եկամուտները ուղղվելու են դպրոցներին, մանկապարտեզներին, հիվանդանոցներին, ճանապարհներին և այլ ենթակառուցվածքների, ինչպես նաև ներքին և արտաքին անվտանգության համակարգերին։
«Ֆինանսական բեռը տարեցտարի կբարձրանա և այս գործիքի միջոցով հնարավոր կլինի լուծել խաղային օպերատորի հարցը: Օպերատորի միջոցով սահմանափակվելու ենք օնլայն կազինո խաղալու հնարավորությունները, որոշ սոցիալական խմբերի և պետծառայողների դեպքում առհասարակ արգելք է դրվելու»,- ասել է պատգամավորը։
Նրա խոսքով, կազինոներում ծախսվող յուրաքանչյուր միլիոն դրամը նվազագույնը մոտ 5000 դրամ հարկ է։ «Եթե այդ գումարները մտնեին տնտեսության մեջ, համախառն ներքին արդյունքը կաճեր 10-15 տոկոսով, իսկ պետական եկամուտները` 7,34 տոկոսով»,- ընդգծել է Սարգսյանը։
Ըստ Սարգսյանի՝ 2024 թվականին առցանց կազինո հաշիվներին մուտքագրվել է ավելի քան 811 մլրդ դրամ։
Սարգսյանը նաև շնորհակալություն է հայտնել վարչապետ Նիկոլ Փաշինյանին այս նախաձեռնությանն աջակցելու համար՝ չնայած այն հանգամանքին, որ բազմաթիվ գործընկերներ տարբեր փաստարկներով փորձել են հիմնավորել, որ այդ փոփոխություններն անհրաժեշտ չեն։
«Վարչապետը ոչ միայն սատարեց, այլ նաև առաջարկեց, որ փոփոխություններն ուժի մեջ մտնեմ անմիջապես, այլ ոչ թե 6 ամիս հետո, ինչպես նախատեսված էր օրենքի սկզբնական տարբերակով»,- ընդգծել է պատգամավորը։
ԱԺ տնտեսական հարցերի հանձնաժողովի նիստում Սարգսյանը զեկուցել էր, որ վարչապետի գլխավորած քննարկումներից հետո որոշում է կայացվել շրջանառության հարկի փոխարեն կիրառել տուրք, իսկ խաղադրույքի իրավունքի գործող տուրքը նախատեսվում է կրկնապատկել։ Վարչապետը մարտի 5-ին ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ հայտարարել էր, որ արդյունքում «քաղաքական պայմանավորվածություն» է ձեռք բերվել, որ ապրիլի 1-ից կգործի դրույքաչափի կրկնակի տուրք, որն անընդհատ կբարձրացվի մինչև խաղային օպերատորի գործարկումը։
Կառավարությունը հունվարի 11-ի նիստում հավանություն էր տվել «Շահումով խաղերի գործունեության կարգավորման մասին» օրենքում փոփոխությունների նախագծին, որով ենթադրվում է, որ Հայաստանի իշխանությունները վերահսկողություն են սահմանելու մոլախաղերի ոլորտը։