Եվրոպական մի քանի երկրների Արտաքին գործերի նախարարներ ԱՄՆ վարչակազմին առաջարկել են երկարաձգել ուկրաինական ճգնաժամն առնվազն մեկ տարով, հայտնել է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով Պետքարտուղար Մարկո Ռուբիոի ABC News-ին տված հարցազրույցին:
Նա նշել է, որ արտասահմանյան գործընկերները հաճախ քննադատում են Վաշինգտոնին՝ Մոսկվայի հետ երկխոսություն հաստատելու փորձի համար, սակայն հստակ այլընտրանք չեն առաջարկում։
«Բոլորին ուզում եմ հարցնել. եթե բանակցություններ չլինեն, ո՞րն է այլընտրանքը, ևս չորս տարի պատերազմ, ևս երեք տարի, երբ Միացյալ Նահանգները և Եվրոպան կշարունակեն միլիարդավոր դոլարներ լցնել ուկրաինական պատերազմի վրա: Սա՞ է այլընտրանքը», – ասել է նա։
Ռուս-ուկրաինական կոնֆլիկտի կարգավորման գործընթացը մեկնարկել էր ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի միջև փետրվարի 12-ին կայացած հեռախոսազրույցից հետո։ Փետրվարի 15-ին Սաուդյան Արաբիան պատրաստակամություն էր հայտնել երկրում ընդունել Ռուսաստանի և ԱՄՆ նախագահների հանդիպումը։ Փետրվարի 18-ին Սաուդյան Արաբիայի մայրաքաղաք Էր Ռիադում մեկնարկել էին Ուկրաինայի հարցով Ռուսաստանի և ԱՄՆ պատվիրակությունների բանակցությունները, որոնք տևել էին ավելի քան 4 ժամ։ Ավելի ուշ ԱՄՆ պետքարտուղարությունն Ուկրաինայի հարցով ՌԴ-ի հետ ձեռք բերված 4 պայմանավորվածություն էր հրապարակել։
Փետրվարի 18-ին ԶԼՄ-ները հայտնել էին, որ ԱՄՆ-ն ցանկանում է գրեթե լիակատար վերահսկողություն ունենալ ուկրաինական ռեսուրսների և դրանցից ստացված եկամուտների կեսի վրա։
Փետրվարի 28-ին Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին ժամանել էր Վաշինգտոն՝ հանքարդյունաբերության գործարք կնքելու համար։ Նրա հանդիպումը Թրամփի հետ սկսվել էր վիճաբանությամբ՝ հենց լրատվամիջոցների առջև, և գործարքը ձախողվել էր: