Միացյալ Նահանգները վստահ չէ, որ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին պատրաստ է բարեխղճորեն բանակցել հակամարտության խաղաղ կարգավորման շուրջ, ասել է ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության գծով օգնական Մայք Ուոլցը, հայտնել է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով CNN-ին։
«Մեզ համար պարզ չէր, թե նախագահ Զելենսկին պատրա՞ստ է բարեխղճորեն բանակցել հակամարտությունը դադարեցնելու համար»,- ասել է նա։
Ռուս-ուկրաինական կոնֆլիկտի կարգավորման գործընթացը մեկնարկել էր ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի միջև փետրվարի 12-ին կայացած հեռախոսազրույցից հետո։ Փետրվարի 15-ին Սաուդյան Արաբիան պատրաստակամություն էր հայտնել երկրում ընդունել Ռուսաստանի և ԱՄՆ նախագահների հանդիպումը։ Փետրվարի 18-ին Սաուդյան Արաբիայի մայրաքաղաք Էր Ռիադում մեկնարկել էին Ուկրաինայի հարցով Ռուսաստանի և ԱՄՆ պատվիրակությունների բանակցությունները, որոնք տևել էին ավելի քան 4 ժամ։ Ավելի ուշ ԱՄՆ պետքարտուղարությունն Ուկրաինայի հարցով ՌԴ-ի հետ ձեռք բերված 4 պայմանավորվածություն էր հրապարակել։
Փետրվարի 18-ին ԶԼՄ-ները հայտնել էին, որ ԱՄՆ-ն ցանկանում է գրեթե լիակատար վերահսկողություն ունենալ ուկրաինական ռեսուրսների և դրանցից ստացված եկամուտների կեսի վրա։
Փետրվարի 28-ին Ուկրաինայի նախագահը ժամանել էր Վաշինգտոն՝ հանքարդյունաբերության գործարք կնքելու համար։ Նրա հանդիպումը Թրամփի հետ սկսվել էր վիճաբանությամբ՝ հենց լրատվամիջոցների առջև, և գործարքը ձախողվել էր: