Ուկրաինայի վերաբերյալ նոր համաձայնագրերը կարող են կրկնել Մինսկի պայմանավորվածությունների ճակատագիրը, հայտարարել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը, փոխանցում է РБК-ն։
Մակրոնն այս հայտարարությունն արել է Փարիզում հրավիրված եվրոպացի առաջնորդների մասնակցությամբ գագաթնաժողովից հետո։ Միջոցառումը կազմակերպվել է ԱՄՆ-ի հայտարարությունների ֆոնին, որ Եվրոպան կարող է չընդգրկվել հակամարտության կարգավորման բանակցություններում։
«Մենք ձգտում ենք Ուկրաինայում կայուն և արժանապատիվ խաղաղության հաստատմանը: Հակառակ դեպքում՝ վտանգ կա, որ այս զինադադարը կավարտվի Մինսկի պայմանավորվածությունների պես»,- ասել է Ֆրանսիայի նախագահը։
Նա վստահեցրել է, որ Ֆրանսիան ԱՄՆ-ի, Ուկրաինայի և եվրոպական այլ երկրների հետ միասին կաշխատի այդ նպատակներին հասնելու համար։
Ֆրանսիայի նախագահի խոսքով՝ եվրոպացի առաջնորդների հետ հանդիպումից հետո նա զանգահարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին և Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիին։
Փետրվարի 15-ին Սաուդյան Արաբիան պատրաստակամություն էր հայտնել երկրում ընդունել Ռուսաստանի և ԱՄՆ նախագահների հանդիպումը։ Թրամփն ու Պուտինը հեռախոսազրույց էին ունեցել փետրվարի 12-ին։ Զրույցից հետո Թրամփը հայտնել էր, որ Պուտինի հետ պայմանավորվել է բանակցային գործընթաց սկսել Ուկրաինայում հակամարտությունը դադարեցնելու համար։
Փետրվարի 16-ին ԱՄՆ պատվիրակությունը մեկնել էր Սաուդյան Արաբիա՝ ՌԴ ներկայացուցիչների հետ բանակցությունների նպատակով։
Փետրվարի 18-ին Սաուդյան Արաբիայի մայրաքաղաք Էր Ռիադում մեկնարկել են Ուկրաինայի հարցով Ռուսաստանի և ԱՄՆ պատվիրակությունների բանակցությունները։