ՀՀ հարատևության ապահովում հնարավոր կլինի այն դեպքում, եթե ստեղծվի տարածաշրջանում մի իրավիճակ, որը թույլ կտա ՀՀ-ին հարևանների միջավայրում կարողանալ ապրել առանց արտաքին օգնության, ընդ որում համագործակցելու տարբեր դաշինքների և աշխարհքաղաքական կենտրոնների հետ, հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ԱՄՆ հայ համայնքի հետ հանդիպմանը։
Դրա համար նրա կարծիքով ՀՀ-ն պետք է կարողանա կառավարել նեգատիվը, որը ձևավորվել է երկրի նկատմամբ «հայտնի հանգամանքների բերումով»:
«Իմ կարծիքով մենք ճիշտ կվարվենք կամ վարվում, որ փորձում ենք այդ նեգատիվը կառավարել առավելագույնս հավասարակշռված ձևերով, առանց էմոցիաների տրվելու, հակառակ դեպքում այդ նեգատիվը շատ արագ կարտահայտվի»,- հայտարարել է նա։
Մյուս կողմից մենք պետք է այնպես անենք, որ Հայաստանը դադարի ընկալվել որպես նահատականների հետևորդ, որպեսզի մեզ զոհաբերեն, որպեսզի ավելի հեշտ վերահսկվենք։
Ըստ Փաշինյանի՝ վարչապետ դառնալուց և տարբեր քաղաքական գործիչների ու երկրների ղեկավարների հետ շփվելուց հետո ինքը եկել է այն եզրակացության, որ Հայաստանն ընկալվում է որպես նահատակ ժողովրդի հետևորդ: Փաշինյանի խոսքով՝ մեզ նահատակ ընդունող որոշ երկրներ «օգնել են» հայերին նահատակվել և արել այնպես, որ «անհնար դարձնեն մեր ինքնուրույն ապրելը մեր միջավայրում որպեսզի մենք լինենք ավելի կառավարելի»։
Սակայն կառավարությոն նպատակն է ստեղծել մի այնպիսի վիճակ, որ մարդիկ Հայաստանում ապրեն սովորական բարեկեցիկ կյանքով։
«Հասկանում ենք որ մենք նահատակվել ենք, հասկանում ենք, որ շատ դեպքերում դուք եք մեզ օգնել, որ մենք նահատակվենք։ Բայց մենք հիմա չենք ուզում նահատակ լինել։ Մենք ուզում ենք լինել սովորական ապրող ժողովուրդ, սովորական, որ մենք ուզում ենք որ ՀՀ-ում սովորական մարդը ապրի սովորական կյանքով»,- ասել է վարչապետը։
Վարչապետի խոսքով, հենց այս նկատառումով է նա շվեյցարական հայ համայնքի հետ հանդիպման ժամանակ արել «աղմուկ հանած» Հայոց ցեղասպանության մասին իր հայտարարությունը։
«Հայոց ցեղասպանության մասին իմ հայտարարությունը հենց դրա մասին է, որ, այնուամենայնիվ, մենք պետք է հասկանանք, ի վերջո կային ուժեր, որոնց առանցքային գործիքը մեզ կառավարելու հիմնական գործիքը հետևյալն էր. անհնար դարձնել մեր ինքուրույն ապրելը, որպեսզի մեզ դարձնեն ավելի կառվարելի։ Ուզում եմ անկեղծ ասել, որ կուզենայի այս եզրակացության գալ տարբեր գրքերից, դասագրքերից և այլն, իմ կարդացածից ու սովորածից։ Ցավոք սրտի, ես այնքան խելոք չեմ, որ դա ինքնուրույն պարզեմ: «Ես դա հասկացել եմ իմ վարչապետ լինելու ընթացքում ամենատարբեր գործնական իրավիճակներ լուծելու ժամանակ»,- նշել է նա։
Վարչապետի այցի պատվին «Save Armenia»-ի կողմից կազմակերպված ընդունելության ժամանակ Փաշինյանը հայտարարել էր, որ անհրաժեշտ է Հարավային Կովկասում խաղաղության հասնելու օրակարգը ներառել ԱՄՆ քաղաքական էլիտայի առաջնահերթությունների ցանկում։
Հունվարի 24-ին Շվեյցարիայի հայ համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպմանը Փաշինյանը, պատասխանելով Հայոց ցեղասպանության մասին հարցին, ասել էր, որ «պետք է հասկանալ՝ ի՞նչ է տեղի ունեցել և ինչո՞ւ, ինչպե՞ս ենք մենք դա ընկալել, ո՞ւմ միջոցով ենք ընկալել»։ Նա հավելել էր՝ «ինչպե՞ս է, որ 1939 թվին Հայոց ցեղասպանության օրակարգ չկար և ինչպե՞ս է, որ 1950 թվին Հայոց ցեղասպանության օրակարգ է հայտնվել»։ Նա հայտարարել էր Հայոց ցեղասպանության պատմությանը «վերադառնալու» անհրաժեշտության մասին։
Լեմկինի անվան ցեղասպանության կանխարգելման ինստիտուտը հայտարարել էր, որ Փաշինյանը կրկնում է Հայոց ցեղասպանությունը ժխտող թուրքական թեզերը։
Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի նախկին տնօրեն Հայկ Դեմոյանն Armenia Today-ին տված հարցազրույցում նշել էր, որ Հայոց ցեղասպանության վերաբերյալ մեսիջներով Փաշինյանը փորձում է հաճոյանալ Թուրքիային և Ադրբեջանին։