Հայաստանը պաշտոնապես չի դիմել ՀԱՊԿ-ին կազմակերպությունից դուրս գալու հարցով, հայտարարել է ՀԱՊԿ միացյալ շտաբի պետ Անատոլի Սիդորովը, փոխանցում է Interfax-ը։
«Հայաստանի ղեկավարության կողմից պաշտոնական դիմում չենք ստացել։ Հայտարարություններ չեն եղել, որ Հայաստանը դուրս է գալիս Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունից։ Այդ կապակցությամբ ոչ մի փաստաթուղթ չի ստացվել, ես անձամբ չեմ տեսել դրանք»,- Մոսկվայում կայացած մամուլի ասուլիսում ասել է Սիդորովը։
Նա հավելել է, որ կազմակերպության ներսում նույնպես խոսակցություններ չկան այն մասին, որ ՀԱՊԿ-ը կորցրել է հետաքրքրությունը կովկասյան տարածաշրջանի նկատմամբ կամ ծրագրում է հեռանալ Հայաստանից։
«Այն, որ Հայաստանը որոշակիորեն սահմանափակ մասնակցություն է ունեցել 2023 թվականին անցկացված համատեղ միջոցառումներին, համարում ենք, որ ցանկացած իրավիճակ կարող է ստեղծվել երկրում, և այստեղ մենք տվյալ երկրի որոշումները չենք քննարկում։ Հայաստանը մասնակցում է օրենսդրական գործունեությանը, կազմակերպության փաստաթղթերի վերանայմանը, հետևաբար՝ գործընթացը շարունակվում է»,- ասել է Սիդորովը։
Ավելի վաղ ՀՀ կառավարությունը հայտնել էր, որ բելառուսական կողմի նախաձեռնությամբ տեղի ունեցած Փաշինյան-Լուկաշենկո հեռախոսազրույցում ՀՀ վարչապետը Բելառուսի նախագահին տեղեկացրել էր, որ չի մասնակցի նոյեմբերի 23-ին Բելառուսի մայրաքաղաք Մինսկում կայանալիք ՀԱՊԿ խորհրդի նիստին։ Ավելի ուշ Լուկաշենկոն ՀԱՊԿ գագաթնաժողովից հրաժարված Փաշինյանին խորհուրդ էր տվել «հապճեպ որոշումներ չընդունել»։
Ներկայումս ընդդիմության մեջ առաջինը լինելու պայքար է․ Կիվիրյան
Վերլուծաբան Արգիշտի Կիվիրյանն Armenia Today-ի հետ հարցազրույցում գնահատել է Հայաստանի ներքաղաքական զարգացումները, երկրի իշխանությունների դիրքորոշումները և դրանց վրա Գյումրիի ՏԻՄ...