Հնդկաստանից հրթիռահրետանային կայաններ և հրթիռներ ներկրելուց հետո Հայաստանն այժմ հակադրոնային համակարգ է ներմուծում իր հարավասիական ընկերոջից, հայտնում է «The EurAsian Times»-ը։
Լրատվամիջոցը, հղում անելով իր անանուն աղբյուրներին, նշում է, որ Հայաստանը պայմանագիր է կնքել Հնդկաստանի կողմից մշակված Zen հակադրոնային համակարգ (ZADS) գնելու համար: «Հայաստանը պայմանագիր է կնքել Հայդարաբադի Zen Technologies-ի հետ՝ 41,5 միլիոն ԱՄՆ դոլարով հակաօդային սարքերի պատվերի համար, որը ներառում է և՛ ուսումնական տարբերակներ, և՛ հակաօդային համակարգեր»,- հայտնում է աղբյուրը:
Շեշտվում է, որ Zen Technologies Anti-Drone համակարգը համապարփակ անվտանգություն է ապահովում անօդաչու թռչող սարքերի հարձակումներից:
Բաքուն Հնդկաստանի կողմից Հայաստանին զինելը «հարված» էր անվանել Հարավային Կովկասում խաղաղության գործընթացին: Հոկտեմբերի 26-ին հայտնի էր դարձել, որ Հնդկաստանը դիտարկում է Կովկասում իր ռազմավարական դաշնակցին՝ Հայաստանին ռազմական տեխնիկայի նոր խմբաքանակ մատակարարելու հնարավորությունը:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Հնդկաստանն օգոստոսին Հայաստան է մատակարարել 155 մմ տրամաչափի ATAGS հրետանային առաջին վեց համակարգերը։ Առաքումները կատարվել են Հայաստանին 155,5 մլն դոլար ընդհանուր արժողությամբ 90 միավոր ATAGS մատակարարելու պատվերի շրջանակում։
Նաև 2022 թվականի սեպտեմբերի վերջին Հնդկաստանը և Հայաստանը պայմանագիր էին ստորագրել հայկական կողմին մոտ 244 միլիոն դոլարի զենք մատակարարելու մասին: Զեկուցվել է, որ պատվերը ներառում է հնդկական արտադրության Pinaka MLRS-ի առաջին արտահանումը: