Թուրքիան Ռուսաստանի և Ուկրաինայի միջև բանակցությունների շուտափույթ վերսկսման հույս ունի։
Anadolu-ի փոխանցմամբ՝ այս մասին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն ասել է լրագրողներին տված հարցազրույցում, որոնք իրեն ուղեկցել են Կոնգո և Սենեգալ կատարած այցի ժամանակ։
Նրա խոսքով՝ Անկարան ուշադիր հետևում է Ուկրաինայի շուրջ բոլոր գործընթացներին։ «Թուրքիան կարևորում է Ուկրաինայի տարածքային ամբողջականությունը, ինչը ես անձամբ եմ ընդգծել նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ հեռախոսազրույցում։ Մենք չենք ճանաչում Մինսկի պայմանավորվածություններին հակասող որևէ նախաձեռնություն։ Միևնույն ժամանակ, մենք պատրաստ ենք անել մեզանից կախված ամեն ինչ դիվանագիտական և երկխոսության միջոցով ճգնաժամը լուծելու համար, որպեսզի կանխենք իրավիճակի հետագա սրումը»,- ասել է Էրդողանը։
Նա Մոսկվայի և Կիևի հարաբերություններում ստեղծված ճգնաժամն անվանել է սպառնալիք Սևծովյան տարածաշրջանի անվտանգության և կայունության համար։
«Առաջիկա օրերին մենք այդ հարցի շուրջ խորհրդակցություններ կանցկացնենք ՆԱՏՕ-ի դաշնակիցների հետ»,- ասել է նախագահը։
Անդրադառնալով ՆԱՏՕ-ի առաջիկա գագաթնաժողովին, որը նախատեսվում է անցկացնել տեսակոնֆերանսի միջոցով, Էրդողանը նշել է, որ դաշինքի երկրների ղեկավարներից ոչ մեկը լուրջ քայլեր չի ձեռնարկել էսկալացիան նվազեցնելու համար։
Լրագրողների այն հարցին, թե Մոսկվայի և Կիևի միջև ճգնաժամի համատեքստում Թուրքիայի շահերին հնարավոր վնաս է հասցվել, Էրդողանը պատասխանել է, որ ստեղծված իրավիճակում բոլոր քայլերը պետք է մանրամասն հաշվարկվեն։
«Մենք պետք է շատ զգույշ և ժամանակին ձեռնարկենք քայլեր, որոնք պահանջում են համապարփակ վերլուծություն։ Մենք ճիշտ ժամանակին քայլեր կձեռնարկենք դրա համար։ Պուտինի հետ հանդիպում կազմակերպելու հարցով շփումները շարունակվում են. միաժամանակ մենք հեռախոսազրույցներ կանցկացնենք Ռուսաստանի ղեկավարի հետ։ Ես դրական արդյունքի հույս ունեմ»,- ասել է Էրդողանը՝ հույս հայտնելով, որ ՌԴ նախագահի հետ հանդիպումը կկայանա ՆԱՏՕ-ի գագաթնաժողովից հետո։