Ամերիկայի Միացյալ Նահանգների Անկախության տարեդարձի նախօրեին հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հյուրընկալել է Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Լին Թրեյսիին, հայտնում են նախագահի աշխատակազմի մամուլի ծառայությունից։
Նախագահ Սարգսյանը պետական տոնի առթիվ շնորհավորել ու հաջողություններ է մաղթել դեսպանին և ի դեմս նրա՝ Միացյալ Նահանգների բարեկամ ժողովրդին:
Հայաստանի նախագահն իր երախտագիտությունն է հայտնել ԱՄՆ կառավարության կողմից Հայաստանին ցուցաբերվող շարունակական օժանդակության և հատկապես կորոնավիրուսի համավարակով պայմանավորված այս բարդ շրջանում աջակցության համար` միաժամանակ նշելով, որ իսկական բարեկամությունը երևում է դժվարին ժամանակներում:
Դեսպան Թրեյսին նշել է, որ Միացյալ Նահանգները շարունակում է օգնել Հայաստանին՝ ժողովրդավարության զարգացման, կոռուպցիայի դեմ պայքարի, տարբեր ոլորտներում բարեփոխումների, ներդրողների համար գրավիչ գործարար միջավայրի ձևավորման հարցերում:
Դեսպանի խնդրանքով հանրապետության նախագահն անդրադարձել է Սահմանադրության փոփոխություններին և սահմանադրական բարեփոխումներին առնչվող գործընթացին: Այդ համատեքստում, խոսելով սահմանադրական բարեփոխումների հանձնաժողովի մասին, նախագահ Սարգսյանը կարևորել է հիմնական օրենքի մշակման գործընթացի շուրջ հանրային քննարկումները և հասարակության հնարավորինս լայն շերտերի մասնակցությունը:
Զրուցակիցները խոսել են նաև ներդրումների մասին: Նրանք համաձայնել են, որ ցանկացած ներդրում պետք է պաշտպանված լինի ոչ միայն օրենքով, այլև բարենպաստ և գրավիչ միջավայրի առկայությամբ՝ կարևորելով այդ ուղղությամբ աշխատանքը և համատեղ ջանքերը: