Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունը դատապարտել է Սիրիայի տարածքում իսրայելական հարվածները, փոխանցել են թուրքական լրատվամիջոցները։
Մասնավորապես, Թուրքիայի ԱԳՆ-ն խստորեն դատապարտել է Իսրայելի ներխուժումները և հարվածները Սիրիայի հարավում՝ Կունեյտրայի և Դարաայի շրջաններին։
«Մենք խստորեն դատապարտում ենք Իսրայելի հարձակումները, որոնք խախտում են Սիրիայի տարածքային ամբողջականությունը, միասնականությունն ու ինքնիշխանությունը»,- ասված է հայտարարության մեջ։
Հունիսի 28-ին իսրայելական ուժերը ներխուժել էին Սիրիայի հարավ: Ըստ սիրիական SANA գործակալության՝ իսրայելական զորքերը 5 ռազմական մեքենաներով մտել են երկրի տարածք և ռազմական հենակետ են տեղադրել։
Գործակալությունը նշել է, որ Իսրայելը շարունակում է խախտել 1974 թվականի զորքերի տարանջատման մասին համաձայնագիրը՝ «իրականացնելով պարբերական ներխուժումներ Սիրիայի հարավ և ռազմական գործողություններ, որոնք առնչվում են քաղաքացիական բնակչությանը»։






































