Թուրքիան արձագանքել է Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության ճանաչման մասին բանաձևին աջակցելու Իսրայելի կառավարության որոշմանը և այդ նախաձեռնությունն անվանել «չարամիտ»:
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն անդրադարձել է Գազայում Իսրայելի ռազմական գործողությունների հետևանքով զոհվածներին։ «Գազայում ցեղասպանություն է տեղի ունեցել, հարձակումները դեռ շարունակվում են։ Այդ ցեղասպանության համար, անկասկած, պատասխանատվություն կպահանջվի», - թուրքական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ հայտարարել է Էրդողանը։
Թուրքիայի ԱԳՆ-ն հայտարարել է, թե Իսրայելը, «1915 թվականի իրադարձությունների վերաբերյալ քաղաքական որոշում» կայացնելով, փորձում է «թաքցնել սեփական հանցագործությունները»։
Անկարան Իսրայելին մեղադրել է «պաղեստինցի ժողովրդի համակարգված ճնշման» մեջ և հիշեցրել, որ Իսրայելը գտնվում է ՄԱԿ-ի Միջազգային դատարանում՝ Գազայի բնակիչների դեմ ցեղասպանության մեղադրանքով:
Գերատեսչությունում հավելել են, որ Թուրքիան կձգտի տարածաշրջանում «Իսրայելի ծավալապաշտական ու ապակայունացնող քաղաքականության» դադարեցմանը և «խաղաղ բնակիչների, առաջին հերթին՝ պաղեստինցիների դեմ գործած հանցագործությունների համար Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի կառավարությանը պատասխանատվության ենթարկելուն»։
Իսրայելի կառավարությունը հունիսի 28-ին միաձայն կողմ է քվեարկել Հայոց ցեղասպանության պաշտոնական ճանաչմանը։ Այժմ նախատեսվում է Հայոց ցեղասպանության ճանաչման մասին օրինագիծը քվեարկության դնել Իսրայելի խորհրդարանում։
Ավելի վաղ Իսրայելը պաշտոնական մակարդակով չէր ճանաչել Հայոց ցեղասպանությունը՝ չնայած առանձին քաղաքական գործիչների հայտարարություններին և խորհրդարանում այս հարցի պարբերական քննարկումներին: Այս թեման մնում է զգայուն իսրայելական արտաքին քաղաքականության համար և կապված է, մասնավորապես, Թուրքիայի և Ադրբեջանի հետ երկրի հարաբերությունների հետ։

























