Բաքվում պահվող Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի կինը՝ Վերոնիկա Զոնաբենդը, ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Ալեն Սիմոնյանին առաջարկել է իրեն և Ադրբեջանում պահվող մյուս հայերի հարազատներին ընդգրկել Բաքու հնարավոր այցի պատվիրակության կազմում։ Այս մասին ասվում է սեպտեմբերի 8-ին Սիմոնյանին ուղղված նրա ուղերձում։
Սեպտեմբերի 3-ին Սիմոնյանը հայտարարել էր, որ չի բացառում Ադրբեջան կատարելիք այցը՝ չնայած դեռևս հստակ ժամկետներ չեն որոշվել։ Նրա խոսքով՝ Բաքվում պահվող հայերի և անհետ կորածների հետ կապված հարցերը մնում են չլուծված, և այս հարցերը, ի թիվս այլ թեմաների, քննարկվել էին օգոստոսի 31-ին Բիշքեկում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ կայացած հանդիպման ժամանակ։
«Անձամբ ես պատրաստ եմ Ձեզ հետ մեկնել Բաքու։ Գիտեմ, որ նման ցանկություն ունեն նաև մյուս բանտարկյալների ընտանիքները։ Խնդրում եմ դիտարկել այցին, եթե այն կայանա, մեր մասնակցության հնարավորությունը և աջակցել մեր հարազատների հետ հանդիպումների կազմակերպմանը»,- ասվում է ուղերձում։
Զոնաբենդը նշել է, որ Սիմոնյանի՝ Բաքու հնարավոր այցի մասին տեղեկացել է ԶԼՄ-ներից։ Նա հույս է հայտնել, որ այցը լրացուցիչ հնարավորություններ կստեղծի հայ գերիներին և նրանց ընտանիքներին առնչվող մարդասիրական հարցերի լուծման համար։
Նա նաև Սիմոնյանին հարցրել է՝ արդյոք վերջինս հնարավոր այցի ընթացքում նախատեսում է այցելել հայ բանտարկյալներին, ինչպես նաև՝ պատրա՞ստ է մինչև այցը հանդիպել բանտարկյալների ընտանիքների հետ, լսել նրանց խնդրանքները և ընդունել բանտարկյալներին փոխանցվելիք նամակները։
Զոնաբենդը հիշեցրել է նաև Սիմոնյանի այն հայտարարությունը, որ խաղաղության հասնելու ճանապարհին մարդասիրական բոլոր հարցերի լուծումը կենսական նշանակություն ունի, իսկ հայ գերիների շտապ և անվտանգ վերադարձն առաջնահերթություն է։
Ավելի վաղ Զոնաբենդը հայտնել էր սեպտեմբերին Բաքու միջազգային կանանց մարդասիրական պատվիրակության այց նախապատրաստելու մասին։ Պատվիրակության անդամները նախատեսում են հանդիպել Ադրբեջանի օմբուդսմենի հետ, այցելել հայ գերիներին և նրանց փոխանցել հարազատների նամակները, լուսանկարներն ու թույլատրելի անձնական իրերը։
ՄԻԵԴ-ում հայ գերիների շահերի ներկայացուցիչ Սիրանուշ Սահակյանն Armenia Today-ին հայտնել էր, որ ՀՀ իշխանությունները դեռևս պաշտոնական պատասխան չեն տվել Զոնաբենդի նախաձեռնությանը։ Ապրիլին Վարդանյանը կոչ էր արել Հայաստանի ՄԻՊ Անահիտ Մանասյանին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի աջակցությամբ հարազատների հետ այցելել Ադրբեջանում պահվող հայերին։ Մանասյանը հայտարարել էր, որ նման այցն իր լիազորությունների շրջանակում չէ։
Մայիսին Վարդանյանը դիմել էր Փաշինյանին՝ խնդրելով նշել այն պաշտոնատար անձանց, որոնք պատասխանատու են Ադրբեջանում ազատազրկված ՀՀ քաղաքացիների պաշտպանության և աջակցության համար։ Վարդանյանի խոսքով՝ իր դիմումն անպատասխան է մնացել։
Արցախի նախկին պետնախարարը Բաքվում դատապարտվել էր 20 տարվա ազատազրկման: Արցախի մյուս նախկին առաջնորդները դատապարտվել էին 20 տարվա ազատազրկումից մինչև ցմահ ազատազրկման: Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը բացառել էր նրանց վաղաժամ ազատման հնարավորությունը։
© 2019–2026 Armenia Today. Все права защищены.
При использовании материалов ссылка на armeniatoday.am обязательна.



