Երևանի Շենգավիթ վարչական շրջանի ղեկավար Ռազմիկ Մկրտչյանը ֆեյսբուքյան գրառմամբ հայտնել է պաշտոնից հեռանալու մասին:
«Երկարատև ժամանակ է՝ իմ աշխատանքային ճանապարհը որպես Շենգավիթ վարչական շրջանի ղեկավար դադարեցնելու միտք կար, և այսօր եկել է այն պահը, որ տեղեկացնեմ ձեզ իմ աշխատանքային պարտականությունները դադարեցնելու որոշման մասին։ Շտապեմ նշել՝ խուսափելով շահարկումներից, որ պատճառներն անձնական են և անձնական խնդիրներից զատ այլ հանգամանքներով չպայմանավորված»,- գրել է 2018 թվականից համայնքը ղեկավարող Մկրտչյանը։
Ապրիլի 20-ին Հակակոռուպցիոն կոմիտեից Armenia Today-ին հայտնել էին, որ քննչական գործողությունների արդյունքում ձերբակալություններ են կատարվել Շենգավիթի թաղապետարանում։ Ապրիլի 23-ին կոմիտեից Armenia Today-ին փոխանցել էին, որ Շենգավիթի թաղապետարանում կաշառքի գործով ձերբակալված աշխատակիցներից մեկը կալանավորվել է, մյուս ձերբակալվածի նկատմամբ կիրառվել էր տնային կալանք։
Հունիսի 2-ին իրավապահները ներկայացրել էին Շենգավիթ վարչական շրջանի երկու պաշտոնյայի կողմից կաշառք ստանալու դեպքի մանրամասները: Հակակառուպցիոն կոմիտեն տեղեկացրել էր, որ պաշտոնյաները Շենգավիթի ղեկավարի աշխատակազմից են, զբաղեցրել են առաջատար մասնագետների պաշտոններ։