Իտալիայի կառավարությունը հավանություն է տվել խոշոր ենթակառուցվածքային՝ Մեսինյան նեղուցի վրա կամրջի կառուցման նախագծին։ Այս գաղափարը քննարկվում էր տասնամյակներ շարունակ, սակայն երբեք գործնական փուլ չէր հասնում, հաղորդում է BBC-ն։
Կառուցման արժեքը գնահատվում է 13,5 միլիարդ եվրո (մոտ 15,5 միլիարդ դոլար)։ Նոր կամուրջը կկապի Իտալիայի մայրցամաքային հատվածը՝ Կալաբրիայի շրջանը, Սիցիլիա կղզու հետ։ Այն կդառնա աշխարհի ամենաերկար կախովի կամուրջը՝ 3,3 կմ երկարությամբ հիմնական թռիչքով։
Կամուրջը նախատեսվում է շահագործել ինչպես ավտոմեքենաների, այնպես էլ երկաթուղային երթևեկության համար։ Թեև այս տարածքը բարձր սեյսմիկ ակտիվություն ունի, ինժեներները վստահեցնում են, որ կառույցը կայուն կլինի անգամ ուժեղ ցնցումների դեպքում։
Նախագծի իրականացումը նախկինում բազմիցս հետաձգվել է ծախսերի շուրջ վեճերի, բնապահպանական ռիսկերից, անվտանգության հարցերից և մաֆիայի միջամտության մտահոգություններից ելնելով։ Վարչապետ Ջորջիա Մելոնին նշել է, որ նախապատրաստական փուլը հեշտ չի եղել, սակայն նախաձեռնությունն ունի ռազմավարական նշանակություն:
Աշխատանքների մեկնարկը պահանջում է նաև Իտալիայի Հաշվեքննիչ պալատի և բնապահպանական գերատեսչությունների՝ ինչպես ազգային, այնպես էլ եվրոպական մակարդակով հաստատումը։
Սիցիլիայում գործող «Ոչ կամրջին» քաղաքացիական կոմիտեն մատնանշում է, որ նախագիծը չունի բոլոր անհրաժեշտ հիդրոլոգիական, սեյսմիկ և լանդշաֆտային հետազոտությունները՝ կասկածի տակ դնելով ենթակառուցվածքի հանրային օգտակարությունը։