Նյու Դելիի նկատմամբ ԱՄՆ-ի կողմից լրացուցիչ մաքսատուրքերի սահմանումը լուրջ հարված է Հնդկաստանի արտահանմանը. Վաշինգտոնի այս քայլը անմիջականորեն կազդի ամերիկյան շուկա Հնդկաստանի մատակարարումների կեսից ավելիի վրա, հայտնել է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով Հնդկաստանի արտահանման կազմակերպությունների ֆեդերացիայի նախագահ Սուբհաշ Չանդեր Ռալհանին։
«Այս քայլը մեծ հարված է Հնդկաստանի արտահանմանը, քանի որ այն անմիջականորեն ազդում է ԱՄՆ շուկա մեր մատակարարումների գրեթե 55%-ի վրա», – ասել է նա։
Նա նշել է, որ արտահանման շատ պատվերներ արդեն իսկ կասեցվել են, քանի որ գնորդները վերանայում են մատակարարման վերաբերյալ որոշումները՝ հաշվի առնելով առաքման ավելի բարձր ծախսերը։
Կայքը նշում է, որ ԱՄՆ վարչակազմը Հնդկաստանի նկատմամբ սահմանել է լրացուցիչ 25% մաքսատուրք՝ կապված ռուսական նավթի գնման հետ։ Հնդկական ապրանքների վրա 25% մաքսատուրք սահմանելու ԱՄՆ-ի նախկին որոշման հետ մեկտեղ հարավասիական հանրապետության համար մաքսատուրքը այժմ կկազմի 50%։