Թեհրանը չի համաձայնի բանակցել Վաշինգտոնի հետ, եթե ԱՄՆ-ը պահպանի ԻԻՀ-ի կողմից ուրանը հարստացնելուց հրաժարվելու պայմանը։ Այդ մասին հայտարարել է Իրանի գերագույն առաջնորդի միջազգային հարցերով խորհրդական Ալի Աքբար Վելայաթին, գրում է РИА Новости-ն՝ հղում անելով ISNA գործակալությանը։
Վելայաթին նշել է, որ իրենք դեմ չեն ԱՄՆ-ի հետ բանակցություններին՝ առանց նախապայմանների և պահպանելով Իրանի կողմից նշված կարմիր գծերը։
«Նրանք ասում են, որ Իրանը պետք է դադարեցնի ուրանի հարստացումը, մինչդեռ սա մեր կարմիր գծերից մեկն է, և եթե բանակցությունները պայմանավորվեն հարստացման դադարեցմամբ, ապա նման բանակցություններ անպայման չեն կայանա», – հայտարարել է նա։
Axios-ը, հղում անելով իր աղբյուրներին, ավելի վաղ հայտնել էր, որ Իսրայելը պատրաստվում է Իրանի դեմ հնարավոր նոր ռազմական գործողությունների, եթե Թեհրանը փորձի վերսկսել միջուկային ծրագիրը:
Իսրայելը հունիսի 13-ի գիշերը հարվածել էր Իրանին։ Նույն օրն Իրանը բալիստիկ հրթիռների կիրառմամբ պատասխան հարվածներ էր հասցրել Իսրայելին։ ԱՄՆ-ն հունիսի 22-ն, իր հերթին, հարվածներ էր հասցրել Իրանի երեք միջուկային օբյեկտի։ Հունիսի 23-ի ուշ երեկոյան Իրանը հրթիռներ էր արձակել Կատարում տեղակայված ամերիկյան ռազմաբազաների ուղղությամբ։ Մեկ օր անց՝ հունիսի 24-ին, ԱՄՆ նախագահը հայտնել էր, որ Թեհրանի և Թել Ավիվի միջև հրադադարն ուժի մեջ է մտել։