ՌԴ ԱԳՆ-ն միջազգային զարգացմանն աջակցելու օրինագիծ է մշակում և նախատեսում է ԱՄՆ USAID-ին համարժեք կառույց ստեղծել, ՌԲԿ-ին հայտնել է «Ռոսսոտրուդնիչեստվոյի» ղեկավար Եվգենի Պրիմակովը։
«Չեմ ասում, որ մրցելու ենք USAID-ի հետ։ Կձգտենք, օրինակ, Ֆինլանդիային նմանվել, որն ունի զարգացման իր գործակալությունը։ Խնդիրը նրանում է, որ Ռուսաստանն արտասահմանում օգտակար բան անի, պետք է կառավարության առանձին որոշում կայացնել։ Եթե մենք, օրինակ, ուզում ենք նստարան տեղադրել ինչ-որ այգում, դրա համար պետք է որոշում կայացվի: Իսկ միջազգային զարգացման աջակցության մասին օրենքը պետք է այդ աշխատանքն ավելի օպերատիվ և թափանցիկ դարձնի»,- հայտարարել է պաշտոնյան։
Նա նաև նշել է, որ անգամ Ռուսաստանի կառավարությունում միշտ չէ, որ հասկանում են, թե ինչով են զբաղվում մշակութային կենտրոններն արտասահմանում։
Այժմ գործակալությունը տեղեկատվական արշավ է իրականացնում ինչպես արտերկրում, այնպես էլ երկրի ներսում, որպեսզի խորհրդարանին և կառավարությանը հասցնի իր գործունեության կարևորությունն ու ֆինանսավորման անհրաժեշտությունը: