Սիրիայի ծովափնյա լեռներում չորրորդ օրն է՝ չի հաջողվում մարել զանգվածային անտառային հրդեհները, հայտնում է CNN-ը:
Լաթաքիայի նահանգի քաղաքացիական պաշտպանության տնօրեն Աբդել Քաֆի Քայյալը շեշտել է, որ ուժեղ քամիները, բարդ ռելիեֆը և պատերազմի շրջանից մնացած ականները խոչընդոտում են հրդեհների դեմ պայքարը: Դրանք տարածվել են շուրջ 20 կիլոմետրանոց գծով՝ ստիպելով հազարավոր մարդկանց լքել իրենց տները։ Որոշ շրջաններ մնացել են նաև առանց էլեկտրականության։
Անօդաչու թռչող սարքերով նկարահանված տեսանյութերում երևում է, թե ինչպես են հրդեհներն արագորեն տարածվում: Սիրիայի իշխանությունները միջազգային օգնություն են խնդրել։
«Այս հրդեհը չափազանց բարդ է»,- CNN-ին ասել է Քայյալը՝ հավելելով, որ ամբողջ երկրից հավելյալ օգնություն են խնդրել։
Չնայած ավելի քան 60 հրշեջ խմբերի ջանքերին, հրդեհները արդեն հասել են Տարտուսի նահանգ։
Սիրիայի կառավարության 2023թ․ տվյալներով՝ երկրի անտառածածկ տարածքները կազմում են մոտ 5270 քառ․ կմ, ինչը նշանակում է, որ ընդամենը երեք օրում այս հրդեհները ոչնչացրել են երկրի ամբողջ անտառային տարածքի ավելի քան 3 տոկոսը։