Իրանում առնվազն 935 մարդ է զոհվել իրանա-իսրայելական պատերազմի 12 օրերի ընթացքում իսրայելական հարվածների հետևանքով, հայտնում է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով Իրանի դատական իշխանության ներկայացուցիչ Իսհակ Ջահանգիրին։
Նշվում է, որ զոհերից 38-ը երեխաներ են, 132-ը՝ կանայք, որոնցից մի քանիսը հղի էին։
Ջահանգիրի խոսքով՝ աճել է նաև Էվին բանտի վրա Իսրայելի հարվածի հետևանքով զոհվածների թիվը: Այս պահի դրությամբ՝ զոհվել է 79 մարդ, այդ թվում՝ այցելուներ, բանտարկյալների ընտանիքների անդամներ և բանտի աշխատակիցներ, հավելել է նա:
Հունիսի 24-ին Իրանի իշխանությունները հայտնել էին հունիսի 13-ից Իսրայելի հարվածների հետևանքով 606 զոհի մասին: Իսրայելում հակամարտության ընթացքում իրանական հրթիռների և անօդաչու թռչող սարքերի հարվածների հետևանքով 28 մարդ էր զոհվել։
Իսրայելը հունիսի 12-ի լույս 13-ի գիշերը հարվածել էր Իրանին։ Նույն օրն Իրանը բալիստիկ հրթիռների կիրառմամբ պատասխան հարվածներ էր հասցրել Իսրայելին։ ԱՄՆ-ն հունիսի 22-ի գիշերը հարվածներ էր հասցրել Իրանի երեք միջուկային օբյեկտի։ Հունիսի 23-ի ուշ երեկոյան Իրանը հրթիռներ էր արձակել Կատարում տեղակայված ամերիկյան ռազմաբազաների ուղղությամբ։
Հունիսի 24-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ Իրանը կհամաձայնի դադարեցնել հակամարտությունը, և պատրաստ է Իսրայելին խաղաղության կոչով դիմել: Նույն օրը Թրամփը հայտնել էր, որ Իրանի և Իսրայելի միջև հրադադարն ուժի մեջ է մտել։