Եկատերինբուրգի դատարանը կալանավորել է սպանությունների գործով ձերբակալված վեց ադրբեջանցիներից երեքին: Ինչպես հայտնել է ՏԱՍՍ-ը, դատարանը ձերբակալել է Այազ, Ակիֆ և Մազահիր Սաֆարովներին:
Եվս երեք մեղադրյալի կալանքի ժամկետը երկարաձգվել է 72 ժամով։
Բոլոր ձերբակալվածներին մեղադրանք է առաջադրվել Ռուսաստանի Դաշնության քրեական օրենսգրքի 105-րդ հոդվածի 2-րդ մասի «գ» կետով (սպանություն, որը կատարվել է մի խումբ անձանց կողմից նախնական դավադրությամբ կամ կազմակերպված խմբի կողմից):
Հետաքննության տվյալներով՝ նրանք մաս են կազմել էթնիկ հանցավոր խմբի, որը մասնակցել է Եկատերինբուրգում 2001, 2010 և 2011 թվականներին կատարված մի շարք սպանությունների և սպանության փորձերի:
Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունը հունիսի 28-ին բողոք էր հայտնել Ռուսաստանին՝ Եկատերինբուրգում իրականացված խուզարկությունների կապակցությամբ, որտեղ ձերբակալվել էր ինը ադրբեջանցի: Նախարարությունը հայտնել էր երկու ադրբեջանցու մահվան և մյուսների լուրջ վնասվածքների մասին: Հունիսի 29-ին ադրբեջանական լրատվամիջոցները հայտնել էին Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկի՝ Բաքու այցի չեղարկման մասին: Բացի այդ, Ադրբեջանի իշխանությունները չեղարկել են երկրում Ռուսաստանի մասնակցությամբ մշակութային միջոցառումները, իսկ երկրի խորհրդարանը հրաժարվել է մասնակցել Մոսկվայում կայանալիք միջխորհրդարանական համագործակցության հանձնաժողովի նիստին։