ԱՄՆ-ը ռմբակոծիչները հունիսի 22-ի գիշերը հարձակվել են Իրանի երեք միջուկային օբյեկտների վրա,
հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։
Հարձակումն
իրականացվել է Իրանի Ֆորդո, Նաթանզ և Սպահան քաղաքների վրա՝ Երևանի ժամանակով առավոտյան ժամը մոտ ժամը 4-ին՝ Իսրայելի հարվածներով հակամարտության սրումից 9 օր անց։
Իրանի ատոմային էներգիայի կազմակերպությունը հաստատել է, որ հարձակման են ենթարկվել Սպահանում, Նաթանզում և Ֆորդոում գտնվող օբյեկտները՝ դա որակելով որպես միջազգային իրավունքի խախտում։
Միևնույն ժամանակ Թեհրանը
հայտարարել է իր միջուկային արդյունաբերության զարգացումը շարունակելու մտադրության մասին՝ չնայած հարվածներին։
ԱՄՆ-ն հարձակման ժամանակ օգտագործել է B-2 ռազմավարական ռմբակոծիչներ, բունկերային ռումբեր և Tomahawk թևավոր հրթիռներ:
Ֆորդոյի վրա ԱՄՆ հարվածը չի հանգեցնի միջուկային պայթյունի կամ լայնածավալ ճառագայթման. հաստատությունում միջուկային ռեակտորներ կամ մարտագլխիկներ չեն եղել,
հաղորդում է NBC News-ը:
Թեհրանն ասել է, որ սպասում էր այս հարձակումներին, ուստի անդառնալի վնաս չի եղել:
Իրանի միջուկային անվտանգության կենտրոնի տվյալներով՝ միջուկային օբյեկտներին ԱՄՆ-ի հարվածներից հետո աղտոտման հետքեր չեն գրանցվել։
Հարվածից հետո Թրամփը
հայտարարել է, որ հարձակումը «շատ հաջող է անցել», և Իրանի ուրանի հարստացման առանցքային օբյեկտներն ամբողջությամբ ոչնչացվել են։ Ամերիկյան լրատվամիջոցների փոխանցմամբ՝ ԱՄՆ-ը կապվել է Իրանի հետ՝ հայտնելու, որ իրենք միայն հարվածներ են ծրագրում և չեն հետապնդում Թեհրանում իշխանությունը փոխելու նպատակ։
Թրամփը սպառնացել է Իրանին նոր հարվածներով, եթե Թեհրանը չհամաձայնի դադարեցնել հակամարտությունը,
հայտնում է Reuters-ը։
Իրանի դեմ ԱՄՆ-ի հարձակումն առաջինն էր 1979 թվականից ի վեր,
հիշեցրել է ТАСС-ը։
Իսրայելը հունիսի 12-ի լույս 13-ի գիշերը հարվածել էր Իրանին։ Նույն օրն Իրանը բալիստիկ հրթիռների կիրառմամբ պատասխան հարվածներ էր հասցրել Իսրայելին։ Պաշտոնական Երևանը դատապարտել էր Իսրայելի միակողմանի հարձակումն Իրանի վրա։ Երկու կողմն էլ հայտնել է զոհերի և բազմաթիվ տուժածների մասին: