ԱՄՆ-ն և Իսրայելն ապատեղեկատվության միջոցառումներ են անցկացրել Իրանի դեմ իսրայելական գործողության մեկնարկից առաջ, հայտնում են իսրայելական և արևմտյան լրատվամիջոցները՝ երկու երկրների գործողություններն անվանելով «հնարք»:
The Jerusalem Post-ը, վկայակոչելով իսրայելական աղբյուրին, գրում է, որ հունիսի 15-ին նախատեսված միջուկային ծրագրի շուրջ ԱՄՆ-ի և Իրանի միջև բանակցությունների փուլն «ամերիկա-իսրայելական համակարգված հնարքի մի մասն էր, որն ուղղված էր Իրանի զգոնությունը թուլացնելուն» հունիսի 13-ին սկսված հարձակումից առաջ:
Նման տեղեկություն է հայտնել Financial Times-ին Պետդեպարտամենտի նախկին աշխատակից Ահարոն Միլլերը։ Նրա խոսքով՝ Վաշինգտոնը գիտակցաբար պահպանել է իրանական միջուկային ծրագրի շուրջ ծրագրվող բանակցությունների մասին պատմությունը՝ իմանալով Իրանի վրա նախապատրաստվող հարձակման մասին:
«Այդպիսով՝ նրանք համագործակցել են իսրայելցիների հետ, և հնարքն ակնհայտորեն աշխատել է»,- մեջբերում է ՏԱՍՍ-ը:
Անանուն իսրայելցի պաշտոնյան իսրայելական Kan հեռուստաալիքին հայտնել է, որ Իսրայելը համակարգել է իր գործողությունները Վաշինգտոնի հետ Իրանի վրա հարձակումից առաջ, գրում Է Reuters-ը: Աղբյուրը ենթադրել է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուի միջև Իրանի շուրջ տարաձայնությունների մասին վերջին հաղորդագրությունները «հնարք էին՝ քնեցնելու Թեհրանի ղեկավարության զգոնությունը և նրա մոտ անվտանգության կեղծ զգացում ստեղծելու»:
Ավելի վաղ Վաշինգտոնն ու Թեհրանն Իրանի միջուկային ծրագրի շուրջ անուղղակի բանակցությունների 5 փուլ էին անցկացրել: Հունիսի 12-ին Օմանի ԱԳՆ-ն հայտնել էր, որ վեցերորդ փուլը տեղի կունենա հունիսի 15-ին՝ Մասկատում, սակայն Իրանի դեմ իսրայելական գործողության մեկնարկից հետո երկրի արտաքին քաղաքական գերատեսչության ներկայացուցիչ Էսմայիլ Բաղաին հայտարարել էր, որ իսրայելական հարձակումից հետո բանակցություններն անիմաստ են դարձել: Հունիսի 14-ին Օմանի ԱԳ նախարար Բադր Ալ-Բուսաիդին հաստատել էր, որ Իրանի և ԱՄՆ-ի միջև բանակցությունների նոր փուլը չի կայանա: