ԱՄՆ-ի Կալիֆոռնիա նահանգում տեղի ունեցող իրադարձություններն ընդհանուր ոչինչ չունեն խաղաղ ցույցերի հետ, և եթե չհասնեին դաշնային իրավապահ մարմինների աշխատակիցները, Լոս Անջելեսն «ամբողջովին կոչնչացվեր», Truth Social-ում գրել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։
«Մենք հիանալի որոշում ենք կայացրել՝ Ազգային գվարդիան ուղարկելով Կալիֆոռնիայում դաժան, հրահրված անկարգությունների դեմ պայքարին։ Եթե մենք դա չանեինք, Լոս Անջելեսն ամբողջովին կկործանվեր»,- գրել է նա։
Նա ոչ կոմպետենտության մեջ մեղադրել է Կալիֆոռնիայի նահանգապետ Գևին Նյուսոմին և Լոս Անջելեսի քաղաքապետ Կարեն Բասին։ ԱՄՆ նախագահի խոսքով՝ նրանք պետք է շնորհակալություն հայտնեին իրեն։
«Փոխարենը նրանք որոշեցին ստել Կալիֆոռնիայի և Ամերիկայի ժողովրդին՝ հայտարարելով, որ մեր օգնությունն անհրաժեշտ չէ, և որ դրանք «խաղաղ ցույցեր» են։ Մենք միշտ անելու ենք այն, ինչ անհրաժեշտ է մեր քաղաքացիների անվտանգությունն ապահովելու համար, որպեսզի կարողանանք միասին Ամերիկան կրկին հզոր դարձնել»,- եզրափակել է Թրամփը։
Նահանգներում արդեն երրորդ օրն անընդմեջ բախումներ են տեղի ունենում իրավապահների և ցուցարարների միջև: Թրամփի հրամանով շուրջ 300 ազգային գվարդիացիներ հունիսի 8-ին տեղակայվել էին Լոս Անջելեսի տարածքում՝ դաշնային անձնակազմի և գույքի պաշտպանությունն ապահովելու նպատակով։
Մայիսի 30-ին ԱՄՆ Գերագույն դատարանը Թրամփին թույլատրել էր արտաքսել 500 000 ներգաղթյալի։ Հայաստանի շուրջ 2808 քաղաքացի երկրում ապօրինի ներգաղթյալների դեմ Թրամփի քաղաքականության շրջանակներում կարտաքսվի ԱՄՆ-ից։ 2024 թվականի նոյեմբերի 24-ի դրությամբ՝ ԱՄՆ-ում ավելի քան 1,4 միլիոն ոչ ռեզիդենտ անձ էր հաշվառվել։ Այս ցուցակը գլխավորում են Մեքսիկան և Սալվադորը՝ համապատասխանաբար ավելի քան 252 000 և 203 000 դեպքերով: