ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը չի պլանավորում առաջիկա օրերին խոսել գործարար Իլոն Մասկի հետ, Fox News-ին տված հարցազրույցում ասել է Սպիտակ տան մամուլի քարտուղար Քերոլայն Լևիտը։
Նա նշել է, որ ԱՄՆ առաջնորդը հրապարակավ քննադատությունից հետո չի խոսել Մասկի հետ։
«Անկեղծ ասած՝ չեմ կարծում, որ նախագահը որևէ մտադրություն ունի դա անելու»,- ասել է Լևիտը՝ պատասխանելով հարցին, թե արդյոք Թրամփն առաջիկա շաբաթվա ընթացքում պլանավորո՞ւմ է խոսել Մասկի հետ։
Մայիսի 29-ին հայտնի էր դարձել, որ Մասկը լքում է ԱՄՆ նախագահի վարչակազմը՝ իր ծախսերի կրճատման բարեփոխումների ձախողման և նախագահի հետ ունեցած տարաձայնությունների պատճառով։ Մասկն ընդգծել էր, որ ցանկանում է կենտրոնանալ իր բիզնեսի վրա, որն սկսել է մեծ վնասներ կրել նրա քաղաքական ակտիվության հետևանքով։
Մասկը կոշտ քննադատության էր ենթարկել ԱՄՆ նախագահի օրինագիծը, որը նախատեսում է էական հարկային արտոնություններ։ Նա այն «զզվելի էր» անվանել: Ի պատասխան՝ Թրամփը դժգոհություն էր հայտնել Մասկից և սպառնացել չեղարկել նրա ընկերությունների՝ Tesla-ի և SpaceX-ի պետական պայմանագրերը։ Մասկը, իր հերթին, հունիսի 5-ին պնդել էր, թե առանց իր աջակցության ԱՄՆ նախագահը չէր կարող ընտրվել այդ պաշտոնում: