ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը Լոս Անջելես կուղարկի Ազգային գվարդիայի 2000 մարտիկի՝ հունիսի 6-ից շարունակվող բողոքի ակցիաների դեմ պայքարելու համար, հայտնել է Reuters-ը։
Գործակալության փոխանցմամբ՝ Ազգային գվարդիան տեղակայվելու է Լոս Անջելեսում: Ամերիկյան ԶԼՄ-ների տվյալներով՝ անօրինական ներգաղթյալների դեմ իրավապահների գործողությունները խոչընդոտելու համար ցուցարարներն արգելափակել են ճանապարհների երթևեկելի հատվածը և քարեր ու ճայթուկներ նետել ներգաղթի և մաքսային ոստիկանության աշխատակիցների վրա:
ԱՄՆ պաշտպանության նախարար Փիթ Հեգսեթն անկարգություններն «ազգային անվտանգության լուրջ սպառնալիք» է անվանել։
Ավելի ուշ Թրամփը շնորհակալություն է հայտնել Ազգային գվարդիային «լավ կատարված աշխատանքի» համար՝ Լոս Անջելեսում տեղի ունեցած ցույցերն անվանելով «արմատական ձախ ցույցեր»։
Հունիսի 6-ին արտաքսմամբ զբաղվող ICE ներգաղթի ծառայության լայնածավալ ստուգումներից հետո Լոս Անջելեսում անօրինական ներգաղթյալների զանգվածային ձերբակալություններ էին տեղի ունեցել, որոնց դեմ բողոքի ցույցեր էին սկսվել։ Մայիսի 30-ին ԱՄՆ Գերագույն դատարանը Թրամփին թույլատրել էր արտաքսել 500 000 ներգաղթյալի։ Ըստ ICE զեկույցի՝ Հայաստանի շուրջ 2808 քաղաքացի կարտաքսվի ԱՄՆ-ից։