ԱՄՆ դաշնային ներգաղթի ծառայությունները ներգաղթի կանոնների խախտման հիմքով Լոս Անջելեսում ձերբակալել են ավելի քան 40 մարդու, ինչից հետո ցուցարարները հավաքվել են դաշնային կալանավայրի առջև՝ պահանջելով նրանց ազատ արձակումը։ Ոստիկանների և հավաքվածների միջև բախումներ են սկսվել, իրավապահներն ամբոխը ցրել են արցունքաբեր գազի սրվակների կիրառմամբ, հայտնում է Associated Press-ը:
Ներգաղթի և մաքսային հսկողության ծառայության (ICE) աշխատակիցները խուզարկության օրդերներով մտել են մի քանի վայր, այդ թվում՝ հագուստի պահեստ, որտեղ լարված միջադեպ է տեղի ունեցել։ Ցուցարարները փորձել են կանխել գործակալների դուրս գալը տարածքից։ Սուլիչներ և ազդանշաններ են միացել: Ոստիկաններն այնուհետև փողոցում լուսաձայնային նռնակներ են կիրառել՝ ամբոխը ցրելու համար։ Մի ցուցարար նույնիսկ փորձել է ֆիզիկապես կանգնեցնել մեկ մեքենայի շարժումը։
Անվտանգության ծառայությունների խոսնակ Յասմին Փիթս Օ՛Քիֆիի խոսքով՝ ներգաղթի խախտումների համար ձերբակալվել է 44 մարդ։ ԱՄՆ արդարադատության նախարարությունը հայտնել է, որ ցուցարարների շարքում ձերբակալվել է նաև ՍԵԻՈՒ Կալիֆոռնիա արհմիության նախագահը՝ դաշնային գործակալի աշխատանքը խոչընդոտելու մեղադրանքով։
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հունիսի 5-ին ստորագրել էր հրամանագիր, ըստ որի՝ արգելվում է 12 երկրների քաղաքացիների մուտքն ԱՄՆ՝ հղում անելով «արտաքին ահաբեկչությունից» պաշտպանվելու անհրաժեշտությանը։ Մուտքի ամբողջական արգելքի տակ ընկած երկրներն են Աֆղանստանը, Մյանմարը, Չադը, Կոնգոն, Հասարակածային Գվինեան, Էրիթրեան, Հայիթին, Իրանը, Լիբիան, Սոմալին, Սուդանը և Եմենը։ Մուտքի մասնակի սահմանափակումներ են կիրառվել հետևյալ երկրների նկատմամբ՝ Բուրունդի, Կուբա, Լաոս, Սիեռա Լեոնե, Տոգո, Թուրքմենստան և Վենեսուելա։