Ուկրաինան անսպասելիորեն «անորոշ ժամկետով» հետաձգել է թե՛ դիերի ընդունումը, թե՛ ռազմագերիների փոխանակումը Ռուսաստանի հետ, հայտարարել է Կիևի հետ բանակցող ռուսական պատվիրակության ղեկավար Վլադիմիր Մեդինսկին, փոխանցում է ՏԱՍՍ-ը։
ՌԴ պատվիրակության ղեկավարը նշել է, որ Մոսկվան Կիևին կոչ է անում հետևել Ստամբուլում ձեռք բերված պայմանավորվածություններին՝ գերիների փոխանակման հարցում։
Մինչդեռ Ուկրաինայի պաշտպանության նախարար Ռուստեմ Ումերովը հայտնել էր, որ Ուկրաինան հաստատել է մշտական կապ ռուսական ղեկավարության հետ՝ նախկինում համաձայնեցված ռազմագերիների փոխանակման գործընթացն իրագործելու նպատակով։
Հունիսի 2-ին Ստամբուլի Չիրագան պալատում կայացել էր ուկրաինական ճգնաժամի կարգավորմանն ուղղված բանակցությունների երկրորդ փուլը։ Ռուսաստանի պատվիրակությունը գլխավորել էր Մեդինսկին, Ուկրաինայինը՝ Ումերովը։ Հանդիպման ընթացքում Ուկրաինայի և Ռուսաստանի ներկայացուցիչները քննարկել էին միմյանց առաջարկած հուշագրերը՝ ուկրաինական հակամարտության խաղաղ կարգավորման վերաբերյալ, փոխանակվել փաստաթղթերով և պայմանավորվել գերիների փոխանակման վերաբերյալ: