Ռուս-ուկրաինական ուղիղ բանակցությունների երկրորդ փուլը տեղի կունենա Ստամբուլի Չըրաղան պալատում, այլ ոչ թե Դոլմաբահչեի աշխատանքային գրասենյակում, որտեղ կայացել էր նախորդ փուլը, հայտնում է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով աղբյուրներին։
Բանակցությունների վայրի մասին ավելի վաղ նշել էր TRT Haber պետական հեռուստաալիքը՝ չհստակեցնելով մանրամասները։ Ավելի ուշ հայտնի է դարձել, որ դրանք կմեկնարկեն հունիսի 2-ին՝ ժամը 13:00-ին:
«Ինտերֆաքս»-ի փոխանցմամբ՝ ռուսական պատվիրակությունը ժամանել է Ստամբուլ՝ բանակցություններին մասնակցելու համար։
Չըրաղան հյուրանոցային համալիրը գտնվում է Դոլմաբահչեից 10 րոպե հեռավորության վրա, այն ժամանակին նաև Օսմանյան պալատ էր, հետագայում վերակառուցվել էր՝ որպես համանուն շքեղ հյուրանոց, որտեղ բազմիցս տեղի էին ունեցել միջազգային խոշոր հանդիպումներ:
Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը մայիսի 28-ին հայտարարել էր, որ ՌԴ նախագահի օգնական Վլադիմիր Մեդինսկու գլխավորած պատվիրակությունը պատրաստ է հունիսի 2-ին Ստամբուլում Ուկրաինային ներկայացնել Ռուսաստանի հուշագիրը ճգնաժամի արմատական պատճառների հաղթահարման բոլոր կողմերի վերաբերյալ։ Կիևն ու Մոսկվան Ստամբուլում մայիսի 16-ին ուղիղ բանակցություններ էին անցկացրել և պայմանավորվել գերիների փոխանակման և բանակցությունները շարունակելու մասին։