Ուկրաինան FPV-դրոնների կիրառմամբ հարձակվել է Ռուսաստանի հինգ մարզի ռազմական օդանավակայանների վրա, մի քանի միավոր ավիացիոն տեխնիկա է այրվել, հայտնում է «Ինտերֆաքսը»՝ հղում անելով ՌԴ պաշտպանության նախարարությանը:
«Այսօր Կիևի ռեժիմը FPV-դրոնների կիրառմամբ ահաբեկչություն է իրականացրել Մուրմանսկի, Իրկուտսկի, Իվանովոյի, Ռյազանի և Ամուրի մարզերի օդանավակայանների վրա»,- նշել են գերատեսչությունում:
Ըստ ՌԴ ՊՆ-ի՝ Իվանովոյի, Ռյազանի և Ամուրի մարզերի ռազմական օդանավակայաններում բոլոր հարձակումները հետ են մղվել, Մուրմանսկի և Իրկուտսկի շրջաններում օդանավակայանների անմիջական հարևանությամբ գտնվող տարածքից դրոնների արձակման հետևանքով մի քանի միավոր ավիացիոն տեխնիկա է հրդեհվել։
Նշվում է, որ գրոհից հետո օդանավակայաններում հրդեհները մարվել են։ Զինծառայողների և քաղաքացիական անձնակազմի շրջանում զոհեր չկան, հայտարարել են գերատեսչությունում:
Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը մայիսի 28-ին հայտարարել էր, որ ՌԴ նախագահի օգնական Վլադիմիր Մեդինսկու գլխավորած պատվիրակությունը պատրաստ է հունիսի 2-ին Ստամբուլում Ուկրաինային ներկայացնել Ռուսաստանի հուշագիրը ճգնաժամի արմատական պատճառների հաղթահարման բոլոր կողմերի վերաբերյալ։ Կիևն ու Մոսկվան Ստամբուլում մայիսի 16-ին ուղիղ բանակցություններ էին անցկացրել և պայմանավորվել գերիների փոխանակման և բանակցությունները շարունակելու մասին։