Միլիարդատեր Իլոն Մասկը, որը լքում է Միացյալ Նահանգների նախագահի վարչակազմը, հայտարարել է, որ իրեն փակուղում է զգացել: CBS News-ին տված հարցազրույցում նա ասել է, որ տարաձայնություններ է ունեցել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմի հետ:
«Չեմ ուզում դեմ արտահայտվել վարչակազմին, բայց նաև չեմ ուզում պատասխանատվություն կրել վարչակազմի արածների համար»,- հարցազրույցի բաց հատվածում ասել է նա:
BBC-ի տվյալներով՝ Սպիտակ տունը չորեքշաբթի գիշերն սկսել է Մասկին հատուկ պետական աշխատողի կարգավիճակից դուրս բերելու գործընթացը։
2024թ․ նոյեմբերին Թրամփը SpaceX-ի և Tesla-ի հիմնադիր Մասկին նշանակել էր Կառավարության արդյունավետության նոր դեպարտամենտի ղեկավարներից մեկը։ Ապրիլին Սպիտակ տնից հայտարարել էին, որ Մասկը կհեռանա, երբ ավարտի իր առաջադրանքները կառույցում:
BBC-ն ուշադրություն էր հրավիրել այն հանգամանքին, որ Մասկի՝ պաշտոնից հեռանալը համընկել է այն օրվա հետ, երբ քննադատել էր Թրամփի օրակարգի օրենսդրական առանցքային նախագիծը, որը նախատեսում է բազմատրիլիոնանոց հարկային արտոնություններ և պաշտպանության ծախսերի ավելացում։