Թուրքիայի իշխանություններն առաջարկել են հյուրընկալել ԱՄՆ-ի, ՌԴ-ի և Ուկրաինայի ղեկավարներ Դոնալդ Թրամփի, Վլադիմիր Պուտինի և Վլադիմիր Զելենսկու մասնակցությամբ հանդիպում, Կիևում Ուկրաինայի ԱԳ նախարար Անդրեյ Սիբիգայի հետ մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը, փոխանցել է France24-ը:
«Այժմ Ստամբուլում վերսկսված {ռուս-ուկրաինական} բանակցություններն իսկապես կարևոր են։ Մենք հավատում ենք, որ քանի դեռ կողմերը բանակցությունների սեղանի շուրջ են, առաջընթացը հնարավոր է»,- նշել է Ֆիդանը։
Ըստ նրա՝ բանակցությունների հետագա փուլում շատ լավ կլիներ կազմակերպել Ռուսաստանի, Ուկրաինայի և Միացյալ Նահանգների առաջնորդների հանդիպում՝ հատկապես երկարաժամկետ հրադադարի իրագործման համար։
«Ստամբուլյան բանակցային գործընթացը կարելի էր ամփոփել և անցկացնել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի, Թրամփի, Պուտինի և Զելենսկու հանդիպումը»,- հավելել է Ֆիդանը:
Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը մայիսի 28-ին հայտարարել էր, որ Ռուսաստանի նախագահի օգնական Վլադիմիր Մեդինսկու գլխավորած պատվիրակությունը պատրաստ է հունիսի 2-ին Ստամբուլում Ուկրաինային ներկայացնել Ռուսաստանի հուշագիրը ճգնաժամի արմատական պատճառների հաղթահարման բոլոր կողմերի վերաբերյալ։ Կիևն ու Մոսկվան Ստամբուլում մայիսի 16-ին ուղիղ բանակցություններ էին անցկացրել և պայմանավորվել գերիների փոխանակման և բանակցությունները շարունակելու մասին։ Ուկրաինան դեռևս չի հաստատել իր մասնակցությունը: