Ռուսաստանում՝ Սանկտ Պետերբուրգի իշխանությունները նախատեսում են արգելել միգրանտներին աշխատել որպես առաքիչ և տաքսու վարորդ, արգելքը կգործի մինչև տարվա վերջ, տեղեկացրել է «ՌԻԱ Նովոստի»-ն:
Պետերբուրգի նահանգապետի համապատասխան որոշման համաձայն՝ ապրանքների առաքման ոլորտում գործող ընկերություններին և անհատ ձեռնարկատերերին հուլիսի 1-ից պարտադրվում է մի շարք հատուկ պահանջների կատարում՝ սկսած առաքումների ռեեստրի վարման պարտականությունից մինչև առաքում իրականացնող սուրհանդակին դիրքորոշման սարքերով ապահովումը։
Նման սարքերով առաջարկվում է ապահովել նաև տրանսպորտային միջոցներով աշխատող սուրհանդակներին, որոնց առավելագույն արագությունը սահմանվելու է 15 կմ/ժ։
Պարտադիր պահանջների թվում է նաև առաքիչի հագուստի, տրանսպորտային միջոցի և առաքման պայուսակի վրա նույնականացման համարի (ID) տեղադրումը։ Նախագծով պահանջվում է պահպանել առաքիչների և նրանց օգտագործած տրանսպորտային միջոցների արտաքին տեսքի նկատմամբ Քաղաքային տրանսպորտի կոմիտեի սահմանած պահանջները։
Պետերբուրգի նահանգապետի համապատասխան որոշման նախագծի կոռուպցիոն փորձաքննության ժամկետն ավարտվում է հունիսի 12-ին։