Պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժումը մայիսի 28-ին հայտարարել է, որ համաձայնել է Մերձավոր Արևելքի հարցերով ԱՄՆ հատուկ դեսպանորդ Սթիվեն Ուիտկոֆի՝ Գազայի հարցով առաջարկին, որը նախատեսում է 10 իսրայելցի բանտարկյալի ազատ արձակում՝ պաղեստինցի բանտարկյալների որոշակի քանակի դիմաց, հայտնել է «ՌԻԱ Նովոստին»։
«Համասը հաստատում է, որ մեծ ջանքեր է գործադրում Գազայի հատվածում բարբարոսական պատերազմը դադարեցնելու համար, որոնցից վերջինն ԱՄՆ դեսպան Ուիտկոֆի հետ համաձայնության հասնելն էր։ Համաձայնագիրը նախատեսում է իսրայելցի բանտարկյալների ազատ արձակում և մահացածների մարմինների փոխանակում՝ միջնորդների երաշխիքներով համաձայնեցված թվով պաղեստինցի բանտարկյալների ազատման դիմաց»,- ասվում է շարժման հայտարարության մեջ։
Համասը նաև ընդգծել է, որ Ուիտկոֆի առաջարկի ընդհանուր շրջանակը ներառում է Իսրայելի պաշտպանության ուժերի լիակատար դուրսբերումը Գազայի հատվածից, մարդասիրական օգնության մատակարարումների շարունակությունը և համաձայնագրի հայտարարությունից անմիջապես հետո Գազայի գործերը կառավարելու համար մասնագիտական կոմիտեի ստեղծումը։
Հունվարի 15-ին Իսրայելը և ՀԱՄԱՍ-ը փուլային համաձայնության էին եկել Գազայի հատվածում պատերազմը դադարեցնելու վերաբերյալ: Մարտի 18-ի լույս 19-ի գիշերն Իսրայելը վերսկսել էր հարվածները Գազայում։ Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն հայտարարել էր, որ հարձակումները շարունակվել են՝ կապված պաղեստինյան շարժման կողմից հրադադարի ռեժիմի երկարաձգման և պատանդների ազատման ամերիկյան ծրագիրը մերժելու հետ: