Իսրայելը և Սիրիայի իշխանությունները վերջին շաբաթներին ուղիղ բանակցություններ են վարում, հայտնում է Reuters-ը՝ հղում անելով իր աղբյուրներին:
Նրանց տվյալներով՝ շփումների նպատակը լարվածության նվազումն ու հակամարտությունների կանխարգելումն է։
Նշվում է, որ Կունեյտրա նահանգում, որը սահմանակից է Իսրայելի կողմից օկուպացված Գոլանի բարձունքներին, մի քան փուլով հանդիպումներ են տեղի ունեցել, այդ թվում՝ Իսրայելի կողմից վերահսկվող տարածքում:
Ըստ աղբյուրների՝ չնայած ներկայումս բանակցությունները կենտրոնացած են համատեղ անվտանգության, հակամարտության կանխարգելման վրա, դրանք կարող են օգնել ճանապարհ հարթել ավելի լայն քաղաքական փոխըմբռնման համար: Գործակալությունը նշում է, որ ԱՄՆ-ն խրախուսում է Սիրիայի նոր իշխանություններին հարաբերություններ հաստատել Իսրայելի հետ:
Ավելի վաղ ԱՄՆ վարչակազմը 180 օրով չեղարկել էր Սիրիայի դեմ սահմանված պատժամիջոցները: ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվեն Ուիտկոֆը հայտարարել էր, որ Սիրիան, ի թիվս այլ երկրների, կարող է միանալ Իսրայելի հետ հարաբերությունների կարգավորման «Աբրահամի համաձայնագրերին»: