Հունգարիայի խորհրդարանը հաստատել է Միջազգային քրեական դատարանից (ՄՔԴ) դուրս գալու որոշումը, գրում է ՌԲԿ-ն։
ՄՔԴ-ից դուրս գալու օգտին քվեարկել է 137 պատգամավոր, դեմ՝ 37-ը, 7 պատգամավոր ներկա չէր քվեարկությանը։
«Այժմ, երբ Ազգային ժողովը քվեարկել է, իմ խնդիրն է այս քայլի մասին տեղեկացնել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարին: Արդեն պատրաստել ենք փաստաթուղթը, և երբ որոշումն ուժի մեջ մտնի, ստորագրվի նախագահի կողմից և հրապարակվի, ես անմիջապես նամակ կուղարկեմ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարին»,- ասել է Հունգարիայի արտաքին գործերի նախարար Պետեր Սիյարտոն։
Ապրիլին Սիյարտոն հայտարարել էր, որ Հունգարիայի՝ ՄՔԴ-ից դուրս գալու իրավական գործընթացը, կանխատեսումների համաձայն, կտևի մեկ տարի։ Համապատասխան օրինագիծը Հունգարիայի խորհրդարան էր ներկայացվել նախորդ ամսվա սկզբին։ Սիյարտոն նշել էր, որ Հունգարիան «հրաժարվում է լինել քաղաքականացված հաստատության մաս, որը կորցրել է իր անաչառությունն ու հեղինակությունը»։
2023 թվականի նոյեմբերին ՄՔԴ-ն հայտնել էր, որ Հայաստանը կմիանա կառույցին 2024 թվականի փետրվարի 1-ին։ Նույն օրը Կրեմլը հույս էր հայտնել, որ Հայաստանի անդամակցությունը ՄՔԴ-ին չի ազդի ՌԴ-ի հետ հարաբերությունների վրա։
Հոկտեմբերի 3-ին Հայաստանի խորհրդարանը վավերացրել էր Միջազգային քրեական դատարանի (ՄՔԴ) Հռոմի ստատուտը, որը Հայաստանն ստորագրել էր դեռևս 1998 թվականին։ Երկրի նախագահ Վահագն Խաչատուրյանը հոկտեմբերի 14-ին ստորագրել էր կանոնադրությունը վավերացնող օրենքը։
Ավելի վաղ դատարանը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին ձերբակալելու որոշում էր կայացրել։ ՌԴ Դաշնային ժողովի Դաշնության խորհրդի փոխնախագահ Յուրի Վորոբյովը Հայաստանի կողմից Հռոմի ստատուտի վավերացումը «ոչ բարեկամական քայլ» էր անվանել Ռուսաստանի նախագահի նկատմամբ։ Հոկտեմբերի 3-ին ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտնել էր, որ Մոսկվան Երևանի այս քայլը համարում է ոչ ճիշտ որոշում երկկողմ հարաբերությունների համար։