ՌԴ և ԱՄՆ արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարներ Սերգեյ Լավրովն ու Մարկո Ռուբիոն հեռախոսազրույցում մտքեր են փոխանակել մայիսի 16-ին Ստամբուլում կայացած ռուս-ուկրաինական բանակցությունների արդյունքների վերաբերյալ, հայտնում է ՌԴ ԱԳՆ-ն:
«Լավրովը նշել է ԱՄՆ-ի դրական դերը։ Դա նպաստեց, որ Կիևն, ի վերջո, ընդունի Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի առաջարկը ստամբուլյան բանակցությունները վերսկսելու մասին։ Նա վերահաստատել է Մոսկվայի պատրաստակամությունն այս համատեքստում ամերիկացի գործընկերների հետ համատեղ աշխատանքը շարունակելու հարցում»,- ասվում է հաղորդագրության մեջ։
Ռուբիոն ողջունել է ռազմագերիների փոխանակման մասին պայմանավորվածությունները և ընդգծել Վաշինգտոնի պատրաստակամությունը հետագայում ևս աջակցել կարգավորմանը։
Ռուսաստանն ու Ուկրաինան Ստամբուլում մայիսի 16-ին ուղիղ բանակցություններ էին անցկացրել և պայմանավորվել գերիների փոխանակման և բանակցությունները շարունակելու մասին։
Ռուսաստանն Ուկրաինային առաջարկել էր մայիսի 15-ին Ստամբուլում վերսկսել 2022 թվականին ընդհատված ուղիղ բանակցությունները։ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել էր, որ Թուրքիայում կսպասի Ռուսաստանի նախագահին։ Վերջինս, սակայն, ռուսական պատվիրակության կազմում չէր: