Հռոմի նորընտիր Լեո պապը մայիսի 9-ին առաջին անգամ ելույթ է ունեցել պատարագի ժամանակ՝ հույս հայտնելով, որ իր ընտրությունը կօգնի կաթոլիկ եկեղեցուն լույս բերել «աշխարհի մութ գիշերներին», հաղորդում է Reuters-ը:
Քարոզում 69-ամյա պապը նկարագրել է այն եկեղեցին, որը կցանկանար առաջնորդել՝ նշելով, որ ձգտելու է ծառայել որպես «հավատարիմ կառավարիչ» ողջ կաթոլիկ աշխարհի համար։
Նոր պապը, որն այժմ գլխավորում է աշխարհի շուրջ 1,4 միլիարդ կաթոլիկներին, ընդունել է, որ քրիստոնեական հավատքը երբեմն համարվում է «անիմաստ» և «թույլերի ու անխելքների համար»։
«Հավատքի պակասին հաճախ ողբերգականորեն ուղեկցում են կյանքի իմաստի կորստի զգացումը, գթության մերժումը, մարդու արժանապատվության սարսափելի խախտումները, ընտանիքի ճգնաժամը և մեր հասարակությունը խոցող բազմաթիվ այլ վերքեր»,- ասել է նա։
Կարդինալների ժողովը Հռոմի 267-րդ պապին ընտրել էր մայիսի 8-ին՝ երրորդ փորձից։ Նրա ձեռնադրումը նախատեսված է մայիսի 18-ին։