Կերչի մերձակա Աջիմուշկայ ավանում բացվել է Կարմիր Բանակի 89-րդ Թամանյան հայկական հրաձգային դիվիզիայի հերոսներին նվիրված հուշահամալիր, հայտնել է Կերչի քաղաքապետ Օլեգ Կատորգինը։
«Նրանց սխրանքը հավերժ կմնա ժողովրդի հիշողության մեջ՝ որպես իսկական հայրենասիրության և հերոսության օրինակ»,- գրել է Կատորգինը տելեգրամյան ալիքում:
Նա հիշեցրել է, որ Հայկական 89-րդ Թամանյան կարմրադրոշ, Կուտուզովի II աստիճանի շքանշանակիր հրաձգային դիվիզիան կազմավորվել է 1941 թվականի դեկտեմբերի 14-ին Երևանում: Պատերազմին մասնակցությունն սկսել է 1942 թվականի օգոստոսի 10-ին Կովկասի համար մղված ճակատամարտից։ Մասնակցել է Թաման թերակղզու, Կերչի և Սևաստոպոլի ազատագրմանը։ Դիվիզիայի անձնակազմից ինը զինվոր դարձել էր Խորհրդային Միության հերոս։