Եվրոպացի խորհրդարանականները Թուրքիայի վերաբերյալ համատեղ հռչակագիր են ընդունել, որում խորը մտահոգություն են հայտնել երկրում ժողովրդավարական չափանիշների վատթարացման, այդ թվում՝ քննադատներին ճնշելու և խաղաղ ցույցերի ցրման վերաբերյալ:
Նրանք դատապարտել են զանգվածային դատավարությունները, որոնք չեն հիմնավորվել ապացույցներով, ինչպես նաև Ստամբուլի քաղաքապետ Էքրեմ Իմամօղլուի նկատմամբ ճնշումները, որոնք պայմանավորել են քաղաքական դրդապատճառներով։ Հաշվի առնելով այդ դեպքերը՝ Եվրախորհրդարանում կարծում են, որ ԵՄ-ին Թուրքիայի անդամակցության սառեցումն արդարացված է։
Եվրոպացի պատգամավորները նշել են, որ միությանն անդամակցությունը պահանջում է խիստ չափանիշների պահպանում, ներառյալ՝ ժողովրդավարական ինստիտուտներ, օրենքի գերակայություն, մարդու իրավունքներ և բարիդրացիական հարաբերություններ: Հռչակագրում ընդգծել են, որ այդ պայմանները ոչ թե բանակցությունների առարկա, այլ բացարձակ սկզբունքներն են։
«Թուրքիայի կառավարության՝ առանցքային քաղաքական թերությունները վերացնելու անկարողությունը հանգեցնում է հարաբերությունների նոր ձևաչափի որոնման, որը կարող է բացառել անդամակցության գործընթացը: Այնուամենայնիվ, Եվրախորհրդարանը կոչ է անում շարունակել ռազմավարական գործընկերությունը կլիմայական գործողությունների, էներգետիկ անվտանգության, ահաբեկչության դեմ պայքարի և տարածաշրջանային կայունության ոլորտներում»,- ասված է զեկույցում։
Չնայած անդամակցության շուրջ բանակցությունների սառեցմանը, պատգամավորներն ընդգծել են, որ կարևոր է թուրք հասարակության զգալի մասի, հատկապես երիտասարդության ձգտումը դեպի եվրոպական համայնք։
«Մենք թուրքական իշխանություններից մշտապես լսում ենք ԵՄ-ին անդամակցելու իրենց հանձնառության մասին, սակայն ժողովրդավարությունն առանցքային գործոն է։ Որքան Թուրքիան գնում է ավտորիտարիզմի ուղղությամբ, այնքան հեռանում է անդամակցության հնարավորությունը»,- հայտարարել է զեկուցող Նաչո Սանչես Ամորը։
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի քաղաքական գլխավոր հակառակորդը՝ Իմամօղլուն, ձերբակալվել էր մարտի 19-ին՝ հակակոռուպցիոն հետաքննության շրջանակներում։ Թուրքիայում հազարավոր մարդիկ նրան աջակցելու նպատակով դուրս էին եկել փողոց։ Ոստիկանությունը հատուկ միջոցներ էր կիրառել ցուցարարներին ցրելու համար, իսկ մարտի 22-ի գիշերը թուրք ոստիկանները ձերբակալել էին 343 ցուցարարի։