Մայիսի 5-ին Նյու Յորքում սկսվել է ամերիկացի ռեփեր և պրոդյուսեր Փի Դիդիի (Շոն Քոմբս) դատավարությունը, որը կտևի առնվազն ութ շաբաթ, տեղեկացնում է Associated Press-ը։
Կայքը գրում է, որ ռեփերը դատարան է ներկայացել «մի փոքր նյարդային վիճակում»։ Նշվում է, որ ատենակալներին է տրամադրվել առնվազն 190 մարդու ցուցակ։ Նրանց խնդրել են ասել, թե ում են ճանաչում։ Ցուցակում ընդգրկված մարդկանց թվում են Մայքլ Ջորդանը, Քանյե Ուեսթը, Մայք Մայերսը և Քիդ Քուդին։
Ատենակալների ընտրությունը կշարունակվի մինչև մայիսի 12-ը, որից հետո կսկսվի բուն գործընթացը։ Հայտնի է, որ Դիդիի դեմ ցուցմունք կտա նրա նախկին ընկերուհի Քեսի Վենտուրան, որի հետ ռեփերը հարաբերություններ էր ունեցել 13 տարի։
Դիդիին ձերբակալել էին Նյու Յորքում՝ սեպտեմբերի 16-ին։ Նրան մեղադրանք է առաջադրվել սեռական շահագործման նպատակով մարդկանց թրաֆիքինգի, հանցավոր գործունեության կազմակերպման և մարմնավաճառության մեջ ներգրավելու համար: Դիդին բանտում կլինի մինչև դատավարության ավարտը։ Նրան երկու անգամ մերժել են գրավի դիմաց ազատ արձակել։
2023 թվականի նոյեմբերից ռեփերի դեմ տասը հայց էր ներկայացվել։ Մասնավորապես, նրան մեղադրել են բռնաբարության, ինչպես նաև անչափահասի խմբակային բռնաբարությանը մասնակցելու մեջ։ Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Դիդիին սպառնում է ավելի քան 100 նոր հայց սեռական բռնության և շահագործման վերաբերյալ: 25 անձ, ովքեր, ամենայն հավանականությամբ, դատական հայց կներկայացնեն, ենթադրյալ հանցագործությունների պահին անչափահաս էին: Զոհերից ամենաերիտասարդը 9-ամյա տղա է։