Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցի կապակցությամբ Մարսելի Ֆարոյի պալատն ապրիլի 23-ին զարդարվել է հայկական եռագույնի գույներով, հայտնում է տեղի քաղաքապետարանը։
«Ի հիշատակ 1915 թվականի Ցեղասպանության զոհերի՝ Ֆարոյի պալատը մինչև ապրիլի 24-ը զարդարված կլինի հայկական դրոշի գույներով, որպեսզի լույսը միշտ շողա Միջերկրական ծովի ափերին»,- ասվում է հաղորդագրության մեջ։
Ապրիլի 24-ին լրացավ Օսմանյան կայսրության կողմից 1915 թվականին հայերի նկատմամբ իրականացված Ցեղասպանության 110-րդ տարելիցը։ Աշխարհասփյուռ հայությունը ոգեկոչման միջոցառումներով հիշել է 1,5 միլիոն անմեղ զոհերի հիշատակը։ Հայոց ցեղասպանությունը պաշտոնապես ճանաչել է 34 պետություն, ավելի քան 70 կազմակերպություն։ 110 տարի անց Թուրքիան շարունակում է ժխտել Մեծ Եղեռնի իրողությունը և պայքարում է Ցեղասպանության միջազգային ճանաչման դեմ՝ նենգափոխելով պատմությունը։