Հռոմի պապ Ֆրանցիսկոսի հուղարկավորությունը տեղի կունենա շաբաթ օրը՝ ապրիլի 26-ին, հայտնում է Reuters-ը՝ հղում անելով Սուրբ Աթոռի մամուլի ծառայության հայտարարությանը։
Ըստ աղբյուրի՝ Հռոմի պապի կողմից Ordo Exsequiarum Romani Pontificis փաստաթղթում կատարված փոփոխությունների համաձայն՝ հուղարկավորությունը կտարբերվի իր նախորդների թաղման արարողություններից։ Հուղարկավորության ծեսի կառուցվածքը կմնա կանոնիկ և կներառի հոգեհանգստի արարողություն (բայց մեկ, ոչ թե երկու, ինչպես նախկինում), հուղարկավորության արարողություն և թաղում: Սակայն պապի մարմինը չի ցուցադրվի հավատացյալների համար դագաղատար մեքենայով երկրպագելու համար, և դագաղը փակելու արարողություն չի լինի։
Հռոմի պապը կթաղվի փայտե դագաղի մեջ. Վատիկանն արդեն հրապարակել է մահացած պապի լուսանկարը։ Նախկինում թաղման արարողության համար օգտագործվում էր կիպարիսից, կապարից, կաղնուց կամ ընկուզենուց պատրաստված դագաղ։
Համաձայն Սուրբ Աթոռի հայտարարության, որը հրապարակվել է National Catholic Reporter-ի Վատիկանի թղթակից Քրիստոֆեր Ուայթի կողմից, Սուրբ Պետրոսի հրապարակում հուղարկավորության պատարագը կվարի Կարդինալների քոլեջի դեկան, կարդինալ Ջովաննի Բատիստա Ռեն։ Պատարագից հետո պապի դագաղը կտեղափոխվի Սուրբ Պետրոսի տաճար, ապա՝ Սանտա Մարիա Մաջորեի տաճար՝ թաղման համար, ինչպես խնդրել է Ֆրանցիսկոսը։
Ապրիլի 21-ին 88 տարեկան հասակում մահացել էր Հռոմի պապը։ Նրան հիվանդանոց էին տեղափոխել փետրվարի 14-ին, երկկողմանի թոքաբորբ էր ախտորոշվել։ Պապի ինքնազգացողությունը վատացել էր փետրվարի 17-ին։
Մարտի 23-ին նրան դուրս էին գրել հիվանդանոցից, ու ավելի քան հինգշաբաթյա ընդմիջումից հետո առաջին անգամ ելույթ էր ունեցել հավատացյալների առաջ։
Հռոմի պապն ապրիլի 20-ին՝ Սուրբ Հարության տոնի իր պատգամում, խոսել էր Հարավային Կովկասի մասին՝ հայտարարելով, որ Հայաստանի ու Ադրբեջանի միջև վաղեմի լարվածությունը հրատապ հաշտեցում է պահանջում։